«Թոշակառուն չգիտի 10 հազարն ինչի վրա ծախսի, մինիստրը գիտի 9 միլիոնն ինչի վրա ծախսի». Սևակ Հակոբյան
122
Այսօր, 17:48
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Վերջին օրերի մամուլը ողողված է պետական հիմնարկների ճոխ պարգևավճարների մասին լուրերով։ Այնպիսի գումարների մասին է, որ, իրոք, սարսափելի տպավորություն ես ստանում։ Նախ հայտնի դարձավ պատգամավորների 3 մլն դրամների մասին։ Ահռելի թիվ է, ոնց էլ հաշվում, չես հասկանում՝ էդ ի՞նչն են իրար գումարել, որ այդ թիվն է դարձել։ Ու նաև պատճառը չենք հասկանում․ ո՞ր արդյունքի համար։ Հետո հայտնի դարձավ հակակոռուպցիոն կոմիտեում մինչև 3,5 մլն դրամ բաժանելու մասին։ Դե, երևի, նրա համար, որ ԱՆԻՖ-ի կոռուպցիոն դեպքը կոծկում են։ Հետո հայտնի դարձավ ՔԿ-ում մինչև 4,5 մլն դրամ բաժանելու մասին։ Դա էլ, երևի, կեղծ ձայնագրություններ կտրել-միացնելու ու քրգործ կարելու համար էր։ Հետո հայտնի դարձավ կրթության նախարարությունում մեկ մլն դոլարի պարգևավճարների մասին։ Մեխը այսօրվա հրապարակումն էր․ մամուլը գրում է, որ նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ մինչև 5 միլիոն դրամ, տեսչությունների պետերը՝ մինչև 9 մլն դրամ, տեղակալները՝ մինչև 5 մլն դրամ։ 9 մլն դրամ մեկ ամսում մեկ հոգուն, աղքատության՝ տարածաշրջանում, ամբողջ ԵԱՏՄ-ում, Եվրամիություն են ուզում գնալ և ուրեմն՝ Եվրոպայում ամենաաղքատ երկրում, որն ավելի աղքատ է քան անգամ 4 տարի պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, ավելի աղքատ է, քան Իրանը, որտեղ հեսա հեղափոխություն է լինում սոցիալ-տնտեսական հիմքով, այս երկրում նման պարգևավճար տալ պաշտոնյային՝ հասարակության վրա թքած ունենալու մասին է։ Նախարարը մեկ ամսում ստացել է հպարտ հարկատուների միջոցներից 24 հազար դոլար։ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, սպառողական զամբյուղից պակաս է մոտ 5 հազար դրամով։ Պետությունն ավելի քիչ աշխատավարձ է տալիս, քան իր սահմանած ապրելու գումարն է։ Մեկ նախարարն ստացել է 120 նվազագույն աշխատավարձ ստացողի չափ գումար։ Մի քանի տարի է՝ թոշակ չեն բարձրացրել, ինչ-որ հետվճար են տալիս՝ բազմաթիվ պայմաններով՝ ինչի վրա պետք է ծախսես, որ ստանաս, պետք է անկանխիկ առևտուր անես և այլն։ Թոշակի նախարարը ստացել է մեկ ամսում թոշակառուի 21 տարվա թոշակի չափ պարգևատրում։ Կարելի է ասել՝ թոշակառուի ամբողջ կյանքի թոշակը ստացել է մեկ ամսում։ 65-ից գնում են թոշակի ու քչերն են, որ 20 տարի ապրում են։ 12 նախարարները միասին ստացել են Հայաստանում մեծությամբ երրորդ՝ Վանաձոր քաղաքի բոլոր թոշակառուների թոշակի չափ գումար։ Նիկոլն ասում ա, որ թոշակը 10 հազար դրամով ավելացնենք, թոշակառուն չի կարողանա ծախսել։ Մենակ մեկ նախարարի պարգևավճարով կարելի էր 900 թոշակառուի թոշակ ավելացնել 10 հազար դրամով։ Կառավարության, ԱԺ-ի, պետական օղակների պարգևավճարներով հնարավոր էր մեր երկրում բոլոր թոշակառուների թոշակը բարձրացնել առնվազն 7 հազար դրամով։ Բայց Նիկոլն ասում է՝ որ բարձրացնենք՝ իրենց ի՞նչ օգուտ, մեկ է՝ չեն իմանա՝ ինչի վրա ծախսեն։ Ըստ դրա՝ թոշակառուն չգիտի 10 հազարն ինչի վրա ծախսի, մինիստրը գիտի 9 մլնը ինչի վրա ծախսի։ Սրանց օրոք 150 հազար մարդ դարձել է փախստական, փախստականներին սրանք ասում են փող չկա, կտրել են 40+10 հազար դրամները, բայց մեկ ամսում մեկ տեսչության պետը ստացել է 150 փախստականի տրվող գումար։ Հայաստանում լիքը սահմանապահներ դուրս են գալիս համակարգից, որովհետև, ըստ մամուլի, իջեցրել են աշխատավարձը, դարձրել են 120 հազար դրամ։ Պաշտպանության նախարարը ստացել է մեկ ամսում 75 սահմանապահի աշխատավարձ։ Մեկ ամսում։ Մեկ ամսում պաշտպանության նախարարը ստացել է սահմանապահի 6 տարվա աշխատավարձի պարգևավճար։ Հայաստանում ուսուցիչների մեծ մասի աշխատավարձը 100 հազար դրամից ցածր է։ Բազմաթիվ ուսուցիչներ ստանում են ընդամենը 85-100 հազար դրամ աշխատավարձ, բայց կրթության նախարարը մեկ ամսում ստացել է 105 ուսուցչի աշխատավարձի չափ պարգևավճար․ պատկերացնում ե՞ք։ 10 գյուղի ուսուցչի աշխատավարձը ստացել է նախարարը մեկ ամսում։ Բայց որպեսզի դպրոցի վրա ծախս չանեն, փակում են դպրոցները, միավորում են, էդ գումարը տալիս նախարարին։ Այս տարվա բաժանած պարգևավճարների գումարով հնարավոր էր մուծել աղքատության մեջ գտնվողների ձմռան ամենածանր ամսվա ամբողջ կոմունալները, հնարավոր էր բոլոր գյուղացիական տնտեսություններին անվճար պարարտանյութ տալ, ոռոգման ջուր, սերմացու։ Ժողովուրդ ջան, սա ծաղր է մեր, ձեր նկատմամբ։ Սա հասարակության հանդեպ ոտնձգություն է, բացահայտ ազդանշան, որ համակարգն աշխատում է միայն իշխանավորի օգտին։ ՔՊ-ական պատգամավոր Ջուլհակյանն արդարացնում է բարձր պարգևավճարներն, ասում է՝ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի: Համաձայն եմ։ Իսկ արաժանապատիվը որքա՞նն է։ Մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, պաշտոնյայի արժանապատիվ վարձատրությունը որքա՞ն պետք է լինի, 9 միլիո՞ն։ ՔՊ-ականների կարծիքով, իրենց արժանապատիվ աշխատավարձը որքա՞ն պետք է լինի ամսական, 20 միլիոնը բավակա՞ն է․ իսկ այդքան դոլա՞ր, թե՞ դրամ։ Տեսեք, ցածր աշխատավարձը խրախուսում է կոռուպցիան, բայց չարդարացված բարձր աշխատավարձն առաջացնում է սոցիալական զայրույթ և անվստահություն։ Եթե պետական պաշտոնյան ապրում է ավելի լավ, քան միջին քաղաքացին, դա նորմալ է․ եթե ապրում է անհամեմատ լավ՝ արդեն խնդիր է։ Երբ կառավարությունը մեկ ամսում ստանում է 30 գործարանի մեկ տարվա վճարած հարկերի չափ պարգևավճար, դա խնդիր է։ Երբ նախարարը մեկ ամսում ստանում է 250 թոշակառուի թոշակի չափ պարգևավճար, դա խնդիր է։ Պաշտոնյան, ասում են, պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ․ իսկ թոշակառուն պե՞տք է ստանա արժանապատիվ թոշակ, թե չէ, ըստ ՔՊ-ի։ Սրանց խոստումները եղել են հենց կեղեքված թոշակառուի մասին։ Սրանց հեղափոխության սիմվոլը չի եղել բարձր վարձատրվող պաշտոնյան, հեղափոխության սիմվոլը եղել է ա էն հայտնի կանաչի ծախող տատիկը»։