Երևան`   -11 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Իրավիճակն ունի ռիսկային տարրեր»․ Վարդան Ոսկանյան

125
Երեկ, 12:38
«Իրավիճակն ունի ռիսկային տարրեր»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։

Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։

ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։

Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։

Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան