«Ժամանակակից աշխարհում նոր սերունդը փակուղու մեջ է»․ Արա Արայան
126
Այսօր, 03:06
Վերլուծաբան Արա Արայանը սոցկայքի իր էջում գրում է․ «Մեծ ճգնաժամի շեմին: Այն, ինչ կատարվում է աշխարհի տարբեր երկրներում՝ փոխկապակցված է միատեսակ խնդիրներով: Թվում է, թե Իրանում կամ Վենեսուելայում, թեկուզ հենց ԱՄՆ-ում խնդիրները տարբեր են, բայց կա մեկ խնդիր, որի գլխավորն է: Դա կապիտալի անարդար բաշխման խնդիրն է: Իրանցին առավոտյան արթնանում ու տեսնում է դոլարի կտրուկ թանկացում, որը բերում է թանկացման, բոլոր ոլորտներում: Ինֆլյացիան աճում է նաև ԱՄՆ ում և այլուր: Ի՞նչ է ստացվում: Աշխարհը պատերազմների ու բազմատեսակ հակամարտությունների մեջ է, բայց իշխող էլիտաներն ու նրանց թիկունքում թաքնված տերերը, օլիգարխիան անդադար հարստանում են: Հասարակության մեջ վերանում է միջին խավը, մարդկանց մեծ մասը բանկային պարտքերի տակ է, բայց օլիգարխիան հարստանում է... Նույնիսկ պատերազմող Ռուսաստանում և Ուկրաինայում է այդպես, այդպես է Հայաստանում: Բացի սեփական պարտքերից, հասարակության ուսերին է նաև ապիկար իշխանությունների շնորհիվ աճող պետական պարտքի բեռը: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին մոտ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ տոկոսավճարներ է վճարել: Պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, տարեկան մոտ 300 դոլար տոկոս է վճարում, սա միայն տոկոս, իսկ պետական պարտքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Միամիտ մարդկանց զվարճացնում են Ջենիֆեր Լոպեսով, տոնածառով ու լույսերով, ասֆալտով ու անորակ շինարարությամբ, որոնց վրա ծախսված գումարների զգալի մասը տարբեր կոռուպցիոն խողովակներով մտնում է շրջանառության մեջ, դուրս է բերվում երկրից, կամ խթանում է անշարժ գույքի լվացքատունը: Գոնե նախկինում խոսում էին 10 տոկոս ատկատների մասին, այժմ վիճակն ավելի խայտառակ է: Սրան գումարած, գլոբալ խնդիրներից մեկն էլ տնտեսության մոնոպոլիզացիան է: Արդյունաբերությունը, ֆինանսական և մյուս համակարգերը, մոնոպոլ դարձնելուց հետո, հերթը հասավ ծառայությունների ոլորտին: Նույնիսկ առևտուրն են մարդկանց ձեռքից խլում: Ապրանք եք ցանկանում գնե՞լ, գնեք «Ամազոնից», կամ «Վայլդբերիսից», լավագույն դեպքում սուպերմարկետների ցանցից, փոքր ու միջին բիզնեսը պետք է մեռնի: Ի՞նչ է ստացվում, ոլորտ առ ոլորտ, անհատի ձեռքից խլում են: Այդ անհատը, տնտեսության խթանիչ ուժն է: Երիտասարդությունն է տիրապետում մեծ էներգիայի, էնտուզիազմի, մոտիվացված է: Բայց այսօրվա երիտասարդությունը ոչ մի երկրում չունի ապագա: Ի՞նչ անել, կրթությունը դարձել է անիմաստ, անհատ ձեռներեցության ու ռեալիզացվելու ոլորտներ չկան: Բոլորը չէ, որ պետք է դառնան ծրագրավորողներ, չնայած այդ ոլորտում նույնպես ամեն ինչ մոնոպոլիաների ձեռքում է, նրանց հարկավոր են միայն հնազանդ, վարձու կատարողներ: Այսինքն, ժամանակակից աշխարհում երիտասարդությունը, նոր սերունդը փակուղու մեջ է: Երիտասարդը կարող է ողջ կյանքն աշխատել ու բնակարանի հարց չլուծել: Եթե բախտ վիճակվի վարկի միջոցով տուն գնել, մարդիկ այդ դեպքում դառնում են բանկային ստրուկ և ողջ կյանքի ընթացքում ապրում են՝ եռապատիկ թանկ նստող բնակարանի դիմաց վճարելով: Սա է պատճառը, որ ամենուր քաղաքական ծաղրածուները արտաքին ու ներքին թշնամիներ են փնտրում, որպեսզի դրանց դեմ սուտ պայքար մղելով, շեղեն մասսաների ուշադրությունը: ԱՄՆ ում Թրամփը «պայքարում» է միգրանտների, Վենեսուելայի ու Իրանի դեմ, բայց երկրի պարտքը հասել է աստղաբաշխական թվերի, ինֆլյացիան աճում է: Իրանի ռեժիմը «պայքարում» է սիոնիստների ու արևմուտքի դեմ, Պուտինը բանդեռովցի ֆաշիստների, դե իսկ մեր խեղկատակների կլոունադան եկեղեցու և նախկինների շուրջ է: Այս համաշխարհային ճգնաժամը խորանում է օր օրի: Եթե հաջողվի, կհրահրեն մեծ պատերազմ և որոշ ժամանակ խնդիրներից կխուսափեն, եթե չստացվի, կունենանք հակառակ ծայրահեղությունը, 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության պես մի բան... 1917-ը պատահականություն չէր, այն անխուսափելի է, ցանկացած դեպքում: Օլիգարխիան չի նահանջելու, իսկ մասսաների, հատկապես երիտասարդության խնդիրները օր օրի մեծանում ու դժվարանում են»։