«Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար». Սուրեն Սարգսյան
182
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 18:42
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել: Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ-ի մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինն սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ-ի քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրն արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը բնականաբար չի գոհացնում Թրամփի վարչակազմին։ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։ Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, ով միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։ Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար։ Նկարում ես և Մադուրոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Շակիրայի հետ երգում ենք Լենոնի Imagine-ը։ Ո՞վ կպատկերացներ, որ տասը տարի անց Մադուրոն հենց Նյու Յորքում կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ»։