«Եթե այս ամենի հիմքում չլիներ քաղաքական քիմքը, ապա կդրվեր «Շողակաթ»-ի եթերային բարելավման խնդիր»․ Հակոբ Բադալյան
82
Այսօր, 12:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը կայացրել է Շողակաթ հեռուստաընկերությունը, որպես Հանրային հեռարձակվող, լուծարելու մասին որոշում: Կարծում եմ այստեղ բացարձակապես ավելորդ է խոսել այդ որոշման բացառապես քաղաքական նպատակի մասին, որ սպասարկվել է օրենսդրական նախաձեռնության և հետագա գործընթացի տեսքով: Եթե այս ամենի հիմքում չլիներ քաղաքական քիմքը, ապա կդրվեր ոչ թե Շողակաթը լուծարելու, այլ եթերային բարելավման խնդիր, որովհետև բարելավման տեղ, իհարկե, կա ցանկացածի պարագայում: Իհարկե, ժամանակակից տեղեկատվատեխնոլոգիական միջավայրում կան լրատվամիջոցի գործունեության այլ ձևեր, որոնցից էլ կարծում եմ կօգտվի Շողակաթի անձնակազմը: Այստեղ սակայն շատ էական է հարցի արժեքային, բարոյական կողմը, ընդ որում՝ թե մեծ, թե նաև որոշակի փոքր մասշտաբով: Փոքր, նկատի ունեմ մարդկային, հաշվի առնելով օրինակ այն, որ այս պրոցեսում այս կամ այն կերպ ընդգրկված են նաև մարդիկ, որոնք սերտ աշխատանքային առնչություն են ունեցել նույն Շողակաթի հետ, ու մինչև քաղաքական իշխանության քմահաճույքը՝ չեն տեսել որևէ խնդիր: Սա, իհարկե, փոքր դրվագն է, որը սակայն ավելի մեծ պատկերի մի կտորն է: Ավելի մեծ պատկերում մենք տեսնում ենք մեր հանրային կյանքի ամենատարբեր ուղղություններով սոցիալ-հոգեբանական և արժեքային-բարոյական նշաձողերի փլուզման քաղաքականություն, երբ, պայմանական ասած, «ամեն ինչ դառնում է կարելի», իհարկե, բացառությամբ վերին քաղաքական կոնցեպտները կասկածի տակ դնելու: Հասարակությունները, որոնց ներքին կյանքն աստիճանաբար մտնում է այդ ռեժիմ, ինքնին ամբողջապես վերածվում են մարգինալ երևույթի, արդեն բնականաբար միջազգային ավելի լայն համայնապատկերում: Չգիտեմ, ինչպիսին կլինի այդ ամենի մշակութաբանական, գիտական բացատրությունը, բայց ըստ իս՝ մարգինալությունը նախ և առաջ արժեքային նկարագրի բացակայությունն է, և այդ բացակայության համեմատ՝ առերևույթ էպատաժության հակադարձ համեմատական խրախճանքը»: