Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

«Չպետք է անտեսել Ադրբեջանի հայտարարությունները»․ Թաթուլ Հակոբյան

77
Այսօր, 17:54
«Չպետք է անտեսել Ադրբեջանի հայտարարությունները»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի երեկվանից Երևանի բենզալցակայաններում սկսվի ադրբեջանական բենզինի վաճառք:
Ո՞րն է լինելու հաջորդ նախաձեռնությունը:
Դուք պատկերացնո՞ւմ եք ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, ինչի մասին պարբերաբար հիշեցնում են հարևան հանրապետությունից, այդ նպատակով ստեղծել են հասարակական կառույց՝ պետական օժանդակությամբ:
Ի՞նչ ենք անելու, երբ ամիսներ կամ տարիներ անց Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիները ցանկություն ունենան վերադառնալ այնտեղ, որտեղ ծնվել են՝ բնականաբար կրկին իշխանությունների հովանավորությամբ ու օժանդակությամբ:
Ըստ խորհրդային 1979 թվականի մարդահամարի՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվը 160 հազար է եղել, իսկ հայերի թիվը Ադրբեջանում՝ 352 հազար:
Իսկ կլինե՞ն հայեր, որ ծնվել են Խորհրդային Ադրբեջանում և կցանկանան վերադառնալ իրենց ծննդավայր:
Այս հարցերի մասին պետք է մտածել: Բայց քանի որ հարցերը զգայուն են և ժամանակ են պահանջում, ուզում եմ հիշեցնել, որ
ա/ հայ-թաթարական 1905-1907 թվականների փոխադարձ ջարդերից հետո հայերի և մուսուլմանների՝ թաթարների, մեծ մասը վերադարձել են մշտական բնակավայրեր և ապրել մինչև 1918-1920 թվականների ջարդերը,
բ/ 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական ջարդերից հետո, խորհրդային առաջին ամիսներին ու տարիներին, հայերի ու ադրբեջանցիների զգալի մասը վերադարձել են մշտական բնակավայրեր, իսկ խորհրդային ամբողջ յոթանասուն տարիներին հայերը եղել են Ադրբեջանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանի:
Անշուշտ, 1988-2023 թվականների արյունը, ջարդերը և պատերազմները խորը հետք են թողել, բայց չպետք է անտեսել Ադրբեջանի հայտարարությունները:
Մեզ թվացել է, որ այն ինչ հայտարարում է Ալիևը, դա ներքին լսարանի համար է, ինչպես արդարացնում են մեր երկրի որոշ իշխանավորներ:
Փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ հայտարարվում էր որպես ցանկություն, պրոպագանդա և օրակարգի հարց, տարիներ անց դառնում է իրականություն»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան