«Բաքվից հնչեցին նոր նախապայմաններ»․ Թաթուլ Հակոբյան
62
Այսօր, 11:24
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և, մասնավորապես, Մայր օրենքից Անկախության Հռչակագրին հղումը հանելը Ադրբեջանի միակ նախապայմանը չէ: Անցնող օրերին Բաքվից հնչեցին մի շարք նոր նախապայմաններ: Փաստորեն, ոչ միայն առաջ են տանում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը, շարունակում Հայաստանը անվանել Արևմտյան Ադրբեջան, այլ պահանջում, որ մենք չխոսենք Արցախ վերադարձի մասին: Ադրբեջանը դժգոհում է նաև, երբ Հայաստանի և երրորդ երկրի կամ կազմակերպության միջև ստորագրված փաստաթղթում անուղղակի հիշատակվում է Բաքվում պահվող հայ գերիների թեման: Հարևան պետության արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Երևանն իր գործողություններով կասկածի տակ է դնում Վաշինգտոնի համաձայնությունները: Մեկ այլ մտահոգիչ հայտարարություն չդարձավ լրատվամիջոցների քննարկման նյութ: Նախագահ Ալիևի օգնական Հաջիևը Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկում-բանավեճի ընթացքում մի քանի անգամ կրկնեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Բացի այդ, Ալիևը մասնակցեց մի հավաքի, որտեղ քննարկվող թեման ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցերն էին: Մի կողմից՝ Ադրբեջանը թվացյալ կառուցողական քայլեր է անում Երևանի ուղղությամբ, ինչպես իր տարածքով ցորենի փոխադրման թույլտվությունն է դեպի Հայաստան (Վրաստանով) և էներգակիրների սպասվող վաճառքը (գները կարևոր են), մյուս կողմից՝ առաջ քաշում նորանոր նախապայմաններ: Հայաստանում, սակայն, ադրբեջանական պահանջներն ու վերջնագրերը չեն դառնում լայն քննարկման նյութ: Փոխարենը, առաջնային են շարունակում մնալ Պետություն-Եկեղեցի հարաբերություններն ու Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու իշխանությունների վճռականությունը»: