Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Հենց վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը, նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի անցյալը». Թաթուլ Հակոբյան

112
Այսօր, 09:48
«Հենց վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը, նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի անցյալը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի վարչապետի ամենամոլի պաշտպանների համար անգամ այնքան էլ հասկանալի չէ (թեև նրանք համեստորեն լռում կամ շրջանցում են գլխավոր թեման), թե ինչու է Նիկոլ Փաշինյանը համագործակցում հայ հոգևորականների մեջ ամենից սկանդալային և վարկաբեկված եպիսկոպոսներից Նավասարդ Կճոյանի հետ:
Ավելին, վարչապետ Փաշինյանը համագործակցում է եպիսկոպոսների խմբի հետ, որոնք կասկածվում, քննադատվում են այն նույն մեղքերի մեջ, ինչպիսի մեղքերի մեջ իշխող քաղաքական թիմը քննադատում է Ամենայն Հայոց կաթողիկոսին և նրա շուրջ գտնվող մի քանի եպիսկոպոսների՝ կուսակրոնության ուխտը խախտել, բիզնեսներ ու սիրուհիներ պահել, քաղաքական տեքստեր ու հայտարարություններ անել և այլն:
Քաղաքականության մեջ, իսկ ՀՀ կառավարություն-Մայր Աթոռ այսօրվա կռիվը որևէ կապ չունի հոգևորի հետ, թեև պաշտոնյաները ցուցադրաբար ծնկի են գալիս տարբեր եկեղեցիներում... քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան շահեր և այսօր Նիկոլ Փաշինյանի և Նավասարդ Կճոյանի շահերը համընկնում են: Հենց որ վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը՝ գահընկեց անել Գարեգին Բ-ին, կասկած չունեմ, որ նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի սկանդալային անցյալը: Այժմ իշխող թիմին անհրաժեշտ են հնարավոր թվով շատ եպիսկոպոսներ, որոնք պատրաստ են ապստամբել Ամենյան Հայոցի դեմ:
Երեկվա պարոն Կճոյանը այսօր դարձել է սրբազան, անհրաժեշտություն լինի՝ իշխանավորները կհամբուրեն նաև նրա մաքուր ձեռքերը և դա կանեն հրապարակավ, միայն թե հասնեն նպատակին:
ՀՀ իշխանությունները հասկացել են, որ կաթողիկոսին, խոսքը միայն Գարեգին Բ-ի մասին չէ, անհնար է հեռացնել, քանի դեռ Վեհափառը հրաժարական չի տալիս: Գարեգին Բ-ի քայլերն ու տեքստերը բոլորովին էլ չեն խոսում այն մասին, որ նա պատրաստ է ինքնակամ հանգստի կոչվել, ինչպես փաղաքշաբար ասում են Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքում նրա դեմ ապստամբած մեկ տասնյակ եպիսկոպոները:
Ամենայն Հայոցից, խոսքը կրկին Գարեգին Բ-ի մասին չէ միայն, կարելի է ազատվել.
ա/ երբ Վեհը ինքնակամ կամ պարտադրաբար հրաժարական է տալիս, ինչպես արել են Քրիստափոր Բ Ապահունին 630 թվականին կամ Եփրեմ Ա Ձորագեղցին 1830-ին,
բ/ իշխանությունները ոստիկանական ուժերի, բանակի և այլ կառույցների օգնությամբ գրավում են Մայր Աթոռն ու Վեհարանը և այլևս թույլ չեն տալիս Վեհափառին վերադառնալ իր նստավայր (թեև այդ դեպքում էլ կաթողիկոսը մնում է կաթողիկոս),
գ/ կաթողիկոսը մահանում է կամ սպանվում, ինչպես եղել է մեր պատմության մեջ:
Ահա այս իրականությունն է, որ իշխող թիմին և մասնավորապես վարչապետ Փաշինյանին ստիպել է համագործակցել Հայ առաքելական եկեղեցու ամենասկանդալային և բարեվարքությունից հեռու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան