Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեղրի, Լաչին, Շուշի. Քի Վեսթի միջանցքները»․ Թաթուլ Հակոբյան

130
Երեկ, 00:12
«Մեղրի, Լաչին, Շուշի. Քի Վեսթի միջանցքները»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրի, Լաչին, Շուշի. Քի Վեսթի միջանցքները.
Այս մասին գրել եմ 2019 թվականի հուլիսին: Թվականը շեշտում եմ, որովհետև կարևոր է:
Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը:
Այժմ մանրամասներ երեք միջանցքների մասին՝ Լաչին, Մեղրի և Շուշի, որոնք իրենց լայնությամբ և կարգավիճակով միանգամայն տարբեր են:
Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող 20 կիլոմետր լայնքով միջանցքը դառնում էր հայկական տարածք, թեև Բաքուն համառում էր: Այդ 20 կիլոմետրանոց լայնքով տարածքը վերածվում էր քառակուսի մետրերի և նախկին ԼՂԻՄ-ից նույնքան տարածք տրվում էր Ադրբեջանին: Սա շատ կարևոր մանրամասն է, որի մասին գրեթե չի գրվել: Այո, հայկական կողմը, բացի 7 շրջանները, քննարկել է նաև ԼՂԻՄ-ի ծայրամասից Ադրբեջանին տարածք տալը, միայն թե Լաչինի միջանցքը լինի հայկական հող և վերահսկվի հայկական իշխանությունների կողմից:
Մեղրիով՝ Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքը, որը ունենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն և 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը: Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանը այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ տրանզիտի դիմաց չէր վճարելու: Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով՝ overpassing elevated road, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն չափից դուրս թանկ էր ստացվում: Առաջարկվեց 8 մետր լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնում գետնի վրա: Սրանով նվազագույնի էր հացվում Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների և Մեղրիի հայերի շփման հավանականությունը:
Հայկական բնակավայրերի մոտ էստակադաների կառուցումը, այն է՝ սուվերեն անցումը գետնից օդ հանելը, լուծում էր մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը: Ճիշտ է, լայն հաշվով Հայաստանի տարածքը 8 մետրով նեղանում էր և բացի այդ, Հայաստանը կորցնում էր Արաքս գետից ամբողջ 40 կիլոմետր երկարության վրա օգտվելու հնարավորությունը, սակայն մյուս կողմից, էստակադաների հատվածում Հայաստանը կարող էր ունենալ մեկից ավելի կամուրջներ, որոնք միմյանց կկապեին Հայաստանն ու Իրանը, ինչպես այսօր դա իրականացվում է մեկ կամրջով՝ Նորդուզ-Կարճևան հատվածում՝ կառուցված 1995 թվականին:
Թեև փախստականների և տեղահանվածների թեման միշտ էլ եղել է բանակցային սեղանին՝ որպես կարևորագույն հինգ սկզբունքներից մեկը, Քի Վեսթի տարբերակում առաձնապես և առաջին հերթին ուշադրության կենտրոնում է եղել Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հնարավորությունը: Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չի արտահայտվել: Սակայն լուրջ քննարկման թեմա է դարձել ոչ միայն նրանց անվտանգության ապահովման, այլև այն հարցը, թե ինչպես են Շուշիի ադրբեջանցիները կապվելու Ադրբեջանի հետ:
Այստեղ նույնպես օգնության է եկել միջանցքի գաղափարը, այն է՝ հնարավորություն ստեղծել, որ ադրբեջանցիները ազատ կապի հնարավորություն ստանան Ադրբեջանի հետ: Այդ միջանցքը կամ ճանապարհը կարող էր լինել Լաչինով, այսինքն՝ Շուշիից դեպի Լաչին, ապա Հակարիի ափով շրջադարձ դեպի Ղուբաթլու և Արաքսի հովիտ: Կամ երկրորդ տարբերակ՝ անվտանգ ճանապարհ Աղդամից դեպի Շուշի»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան