Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Պետք է վերջ տալ ՌԴ-ին գերագնահատելուն կամ նրա «կործանմանը» սպասելուն»․ Հակոբ Բադալյան

179
Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ., 20:36
«Պետք է վերջ տալ ՌԴ-ին գերագնահատելուն կամ նրա «կործանմանը» սպասելուն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ռուսաստանի ամենակարողության եւ Ռուսաստանի՝ «ու որ է քանդվելու» մասին հավաստիացումները գրեթե հավասարազոր են: Ըստ էության, դրանց միջեւ չկա տարբերություն, որովհետեւ երկուսն էլ զուրկ են ռացիոնալ գնահատականի բաղադրիչից, զուրկ են Ռուսաստանի «ստուգաբանությունից»:

Հետեւաբար, հայ հանրությանը այդ երկուսից որն էլ մատուցվում է, հավասարազոր է հանրությանը կամա, թե ակամա մոլորեցնելուն:

Ուկրաինական պատերազմի մեկնարկին, եւ առաջին տարում, երբ Ռուսաստանը պատերազմի առաջին երեք-չորս ամիսներից հետո ունեցավ լուրջ դժվարություններ ու կորուստներ, ըստ էության հաջորդ մեկ տարվա ընթացքում, Հայաստանում հանրությանը մատուցում էին Ռուսաստանի «անփառունակ վախճանը»:

Խնդիրն իհարկե դա չէ, այլ այն, որ դա «մատուցվում» էր նաեւ այսպես ասած իշխանության «սեղանին», հետո վերածվելով արդեն շատ կոնկրետ քաղաքական որոշումների: Այդ որոշումները դրել են քաղաքական մի ամբողջ ուղեգծի սկիզբ, որն ի վերջո ավարտվել է Արցախի շուրջ ստեղծված բառի բուն եւ պատկերավոր իմաստով փակուղային վիճակի եւ Արցախի կորստի: Սակայն, ոչ միայն Արցախի կորստի, այլ նաեւ անմիջականորեն Հայաստանի հանրապետության համար վտանգավոր նարատիվների:

Նրանք, ովքեր խոսում էին այն մասին, թե Ռուսաստանին Ուկրաինայում «թաղելը» վաղ է, նրանք հռչակվում էին «ռսաստրուկներ», իսկ վերը նշածս իռացիոնալ սուոսը իշխանության սեղանին մատուցողներն ու քաղաքական՝ դե ֆակտո անկումային որոշումներ ձեւավորողները հռչակվում էին պետականասեր անկախականներ:

Հիմա իհարկե նրանցից ոչ ոք հաշիվ չի պահանջում այն հետընթացի համար, որ Հայաստանի պետական շահն ունեցել է այդ թվում իրենց լոբբինգով ձեւավորած քաղաքականության հետեւանքով:

Ընդ որում, այդ «լոբբինգը» իր զանազանությամբ շարունակվում է նաեւ այսօր, տարբեր փաթեթավորումներով:

Մինչդեռ, պետք է վերջ տալ Ռուսաստանը գերագնահատելու կամ Ռուսաստանի «կործանմանը» սպասելու այդ «նարատիվներին»: Դրանք են գործնականում հակապետական նարատիվները: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին: Չի կարելի գերագնահատել կամ «թաղել» որեւէ միջուկային գերտերության, եւ որեւէ խոշոր ուժային կենտրոնի:

Որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը կարող է թույլ լինել մյուսի հանդեպ, բայց մեր հանդեպ նրանցից ցանկացածը բազմակի ուժեղ է լինելու միշտ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան