Մանրամասներ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից
![]() Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը՝ նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը: Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է: Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա: Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր՝ փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ: Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր: |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
