Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.

«Իրանի միջուկային օբյեկտների վթարի դեպքում ՀՀ-ի համար կարող են ռիսկեր լինել». Ծաղիկ Վարդանյան

198
Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 17:48
«Իրանի միջուկային օբյեկտների վթարի դեպքում ՀՀ-ի համար կարող են ռիսկեր լինել». Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կլինի՞ արդյոք ռադիացիոն ալիքի տարածում Հայաստանում․
Աշխարհաքաղաքական զարգացումները մեր հարևան Իրանում գնալով ավելի անկանխատեսելի են դառնում: Հաստատվել է, որ 2025թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյի, Նաթանզի և Իսպահանի տարածքում: Չնայած ըստ Իրանական տեղեկատվական աղբյուրների, ՄԱԳԱՏԷ-ի, IAEA-ի այս պահին էքստենսիվ ճառագայթման արտահոսք չի արձանագրվել, սակայն մեր կողմից հետագա ռիսկերը անտեսելը ընդամենը անհեռատեսության դրսևորում կլին։
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի միջուկային օբյեկտների վթարի դեպքում. ռադիոակտիվ նյութերի արտահոսք, որի արդյունքում ռադիոակտիվ մասնիկները կարող են հասնել հարևան երկրներ՝ այդ թվում Հայաստան:
Մթնոլորտային ռադիացիոն ալիքներ՝ իոնացնող ճառագայթման տարածում, Ջրի և հողի աղտոտում, Սոցիալ-հոգեբանական ազդեցություն՝ մարդկանց մոտ տագնապի սրացում, տնտեսական, լոգիստիկ խնդիրներ: Իսկ հանրային առողջապահության տեսանկյունից առերևույթ տպավորություն է, որ ավելի «պաշտպանված ենք», քան երբևէ: Սակայն արձանագրում եմ. Չկա հանրային իրազեկում, չկան պաշտոնապես հայտարարված կանխարգելիչ միջոցառումներ, չկա որևէ արտակարգ արձագանքման պլան, որը հանրությանը ներկայացվել է:
Ընդհանուր առմամաբ ինչպիսի նախապատրաստական քայլեր պետք է արվեն նման ռիսկերի առկայության դեպքում.
Իրականացնել ճառագայթային ֆոնի մշտադիտարկում, հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, հրապարակել Հայաստանի տարածքում ճառագայթային ֆոնի վերաբերյալ տվյալները և պարբերաբար թարմացնել դրանք, ստեղծել և հրապարակել ռադիացիոն վթարի դեպքում առողջապահական գործողությունների հստակ պլան՝ էտապայնությամբ,
հրապարակել կալիումի յոդիտի պետական պաշարների առկայության վերաբերյալ տեղեկատվություն, ապահովել բնակչության իրազեկումը «ինչ անել ռադիացիոն վտանգի դեպքում» թեմայով, կարգավորել, կահավորել ապաստարանները՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, ԻԻՀ հետ շփումները ամրապնդել՝ ավելի հստակ տեղեկատվություն տիրապետելու համար: Մենք չենք կարող թույլ տալ ռադիացիոն աղետին պատրաստ չլինել: Այսօրվա նախազգուշացնելը կանխում է վաղվա աղետը: Չպետք է մոռանանաք, որ ռադիացիան չի ճանանչում սահմաններ և պայմանագրեր:
Նիկոլ Փաշինյան, մոտ անցյալում մենք ունեցել ենք COVID-19-ի վարակի նկատմամաբ չնախապատրաստված, թերագնահատված (նախնական փուլում) պայքար, որի արդյունքում շուրջ երկու անգամ ավելի կովիդյան զոհեր ունեցանք:
ՀՀ առողջապահության նախարարություն, գովելի է ձեր նախաձեռնողականությունը միջոցառումներ կազմակերպելու մեջ, բայց տարածաշրջանում լուսաբացները խաղաղ չեն: Հուսով եմ, որ գոնե այս անգամ հանրային առողջապահական ենթադրյալ մարտահրավերները կլինեն առաջնային: Մի պահ մոռացե՛ք ձեր «բիզնես շահերը», ԲԿ-ների շահութահարկն ու շահութաբաժինը գովելը, անցե՛ք իրական աշխատանքի:
Հ.Գ. Պետական պատասխանատվությունն այս իրավիճակում պարտադիր է»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան