Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

182
Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 18:36
Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է՝ այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։