«Համազգային համախմբումը ամենօրյա պայքարի հրամայական է»․ Դավիթ Անանյան
152
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 17:06
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր 1915 թվականի մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 110-րդ տարելիցը։ Երեկվա Ջահերի երթով կարծես թե մեր ժողովրդին հաջողվեց ցուցադրել աշխարհին, որ մեր վերքերը դեռ սպիացած չեն և պահանջատիրության զգացողությունը մարած չէ։ Այնուամենայնիվ, մեր հավաքական կերպարը աշխարհին ներկայանում է նաև որպես պատմության դասերը չսովորած մի տարօրինակ ազգ, որը, հայտնվելով հերթական պատմական փորձությունների հորձանուտում, իր իռացիոնալ վարքագծով իր պետականությունն ու կորսված ինքնութենական հիմքերի վերջին փշրանքները պահպանելու փորձեր է կատարում կամ այդպիսի փորձերի իմիտացիա է ցուցադրում։ Իսկ իրականությունն այն է, որ մի կողմից, այս օրը մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի պատմության տխուր էջն ու ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը՝ միաժամանակ, լուռ ու անտարբեր ականատես լինելով և/կամ մասնակիցը դառնալով ներկայի աճող ու իրական ողբերգությանը, որը տեղի է ունենում մեր աչքերի առաջ՝ ներքաշելով մեզ պատմական ցավի ծանոթ և անվերջանալի թվացող շրջապտույտ: Այնինչ, ոգեկոչման այս օրը մենք պետք է գիտակցենք, որ թուրքական աշխարհի հավակնություններն ու ծրագրերը՝ ամրապնդված հայաստանյան իշխանական խմբակի համագործակցության պատրաստակամությամբ, հող և իրական պայմաններ են ստեղծել 1915թ․ ապրիլյան և 2023թ․ սեպտեմբերյան ցեղասպանական պատմական ողբերգությունների կրկնության համար։ Հետևությունը մեկն է․ համազգային ու համաժողովրդական համախմբումը չպետք է լինի սոսկ ապրիլի 23-ին Ջահերի երթի մասնակցություն, այն ամենօրյա պայքարի հրամայական է, պատկերավոր ասած՝ մի կոչնակ, որի խրոխտ ռազմականչի հնչյունների տակ մեր ձեռքերն ինքնաբերաբար ձգտում են ամուր բռնելու միմյանց՝ ի նշան պայքարի, հաղթանակի, եղբայրության, խաղաղության և ավելի լավ ապագայի վերականգնված հույսի»։