Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ցեղասպանության ճանաչման թեմայից լարվում են Թուրքիան, Ադրբեջանն ու ներկայիս պատասխանատուները»․ Վահագն Սարոյան

172
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 15:42
«Ցեղասպանության ճանաչման թեմայից լարվում են Թուրքիան, Ադրբեջանն ու ներկայիս պատասխանատուները»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս աշխարհում երեք կատեգորիա կա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայից անասելի լարվում են և պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի հիշատակում չլինի։ Առաջինը՝ Թուրքիան, հետո Ադրբեջանը և ներկայիս պատասխանատուները, որոնց գործողություններից և հայտարարություններից երևում է, որ ուզում են ամեն կերպ այդ հարցը դուրս մղեն Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից՝ այն փաթեթավորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, քանի որ, ըստ տարածված տեսակետի, Թուրքիայի պահանջն է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը հարաբերությունների կարգավորման դիմաց։
Պատահական չէր, որ «Հայոց պատմությունը» ուզում են անվանել «Հայաստանի պատմություն», կամ Արարատ լեռան գաղափարի հետ կապված դիխոտոմիան, որը շարունակ շահարկվում է տարբեր առիթներով։
Մեկ փաստ՝ այս կառավարությունն իր 2021-26թթ ծրագրում գրել է, մեջբերում եմ հատված. «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Ուրեմն ամբողջ ՀԱՅ ԱԶԳԻ համար Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նպատակ, ոչ թե դա միջոց է, որը պետք է ծառայեցվի տարածաշրջանի լիցքաթափմանը։ Իսկ ո՞վ է լարում ու լիցքավորում տարածաշրջանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա հարց՝ իսկ ինչպե՞ս է Ցեղասպանության ճանաչումը ծառայեցվելու որպեսզի «լիցքաթափվի տարածաշրջանը», շատ հեշտ, ուղղակի աստիճանաբար հանելու են իրենց քաղաքական օրակարգից։
Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան