Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 18 մայիսի, 2025 թ.

«Արցախի թալանն իրականացվել է փուլերով». Սերգեյ Ամիրյան

152
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 23:18
«Արցախի թալանն իրականացվել է փուլերով». Սերգեյ Ամիրյան

Արցախի նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած այս պահին խոսելու կամ գրառում անելու իմաստ չկա, բայց, Սամվել Շահրամանյանի վերջին հայտարարությունը դրդեց, որ, այնուամենայնիվ, երկու խոսք ասեմ Արցախի թալանի վերաբերյալ, որն իրականացվել է փուլերով՝ 2009-2010 թթ-ից մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ը և 2020 թ-ի նոյեմբերի 9 -ից մինչև 2023 թ․ սեպտեմբերի 20-ը։
Նախ պետք է տարանջատել Արցախի թալանը (անտառներ, ընդերք) ՀՀ-ից բերված և Արցախում լվացած գումարների յուրացումից։
Արցախի որոշ ակտիվիստների ու Մարինա Պողոսյանի կողմից ներկայացված 467 մլն դոլարը, որը տրվել է 48 ընտանիքի՝ եղել է առաջին էտապում։ Այսինքն, մինչև թավշյա տեղափոխությունը։ Չարաբաստիկ պատերազմից հետո Արցախ են մտել առանձնապես խոշոր չափերի գումարներ (որոնց ծագումնաբանությունը դեռ հայտնի չէ), որոնք նույնպես յուրացվել են այն սրիկաների կողմից, որոնց գրեթե կեսը մեծ ավանդ են ունեցել թշնամուն Շուշի հասցնելու գործում։
Բացի դրանից, ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն 2020 թ-ի պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին (Հադրութ, Շուշի) պետությունը պետք է հատկացներ փոխհատուցումներ մուրհակների տեսքով և նրանք պետք է ապահովվեին բնակարաններով։ Նշված սոցիալական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ գումարները նույնպես հատկացվել էին Արցախին։ Ասեմ ավելին, նույնիսկ մինչև 2024 թ-ի հունվարի 1-ը նախատեսված ուսանողների թոշակներն էին փոխանցվել Արցախին։ Բայց ինչպես ուսանողները, այնպես էլ սոց․ ծրագրի շահառուներն իրենց հասանելիք գումարները չեն տեսել։ Բացի դրանից, նրանք վարկեր և փոխհատուցումներ են հատկացրել իրենց կուսակցական ընկերներին, ընտրություններում ձայներ ապահովողներին, կեղծ ընդդիմադիր սրիկաներին։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ շրջափակման օրերին հենց այդ զանգվածի բերանով էին ասում թող բացեն ճանապարհը, դուրս գանք՝ մարդկանց նախապատրաստելով հայրենիքը լքելուն։ Ինչևէ, առաջին էտապի թալանը մեզ հասցրեց 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, երկրորդը՝ 2023 թ-ի սեպտեմբերի 20-ին։
Չնայած գաղտնի ու հույժ գաղտնի փաստաթղթերը, թողել են ու վառել հիմնադրամի արխիվը, պետք է նշեմ, որ բոլոր փաստաթղթերի պատճենները կան ՀՀ-ում
(առնվազն 30 մարդու ձեռքում ) սկսած կես միլիոնից մինչև 4,5 միլիարդ դրամ։ Այդ թալանը փրկել ու հետքը կորցնելու, իրենց դավադիր պայմանավորվածությունների արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Այո, Արցախն իբրև Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե չլինեին իր ու Արցախի վերնախավի դավադիր պայմանավորվածությունները, նա չէր կարող Արցախը հայաթափել, թեկուզ իր ասած՝ թռներ վերև, իջներ՝ ցած։ Ասածիս վառ ապացույցն է համացանցում պտտվող տեսանյութը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես երկու հոգի հրաձգային զենքերով ստիպում են թշնամու 2 տանկ նահանջել։
Այսքանից հետո մանկամտություն է հույս ունենալ, թե շունը շան թաթ կկոխի։
Ասածիս վառ ապացույց է նաև բենզինի պայթյունը, որը խլեց 200-ից ավելի կյանք։ Սակայն, թեկուզ ձևականորեն, ոչ մեկին պատասխանատվության չկանչեցին։ Այս թեմայի խորքային հարցերին այժմ անդրադառնալու կարիք չկա։
Ինչպես Շիրազն է ասում «Սիամանթո և Խջեզարե» պոեմի նախաբանում՝ այդպես ուսեուս տալով, իրար սատար կանգնելով կործանեցին հայրենիքս։ Ամբողջ ցավը նրանում է, որ այդ նույն մեղավոր սրիկաներից, իրենց մերձավորներից ոչ մեկը թշնամու ուղղությամբ մի փամփուշտ անգամ չի կրակել, նրանք ՀՀ-ում այս պահին չունեն ոչ աշխատանքի, ոչ բնակարանի խնդիր։ Ինչպես նշում է Սամվել Շահրամանյանը՝ բնակվում են իրենց կողմից ձեռք բերված բնակարաններում։
Այժմ անդրադառնամ հենց Շահրամանյանին։
Քանի որ վերջինս խոսում է համեստ կյանքից, հարկ եմ համարում նրան հարց ուղղել․ Այդ ի՞նչ օրինաչափություն է, որ որտեղ սև գործ անելու խնդիր է լինում, Դուք հայտնվում եք այնտեղ։ Օրինակ, 2012 թվականին, երբ ըստ Ձեր ասածի՝ ձեռք եք բերել այդ բնակարանը, Դուք ԴԱՀԿ տնօրեն էիք, որտեղից տարօրինակ կերպով անհետացել են մեկ միլիարդից ավելի հարկադիր կատարման ենթակա ակտեր։ Հետաքրքիր օրինաչափությամբ, դրանից հետո դարձել եք այն բնակարանի տերը, որի մասին վերջերս խոսել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ինչևէ, երկարացնելու կարիք չկա։
Շատ բան է բացահայտվելու ՀՀ-ում ռեժիմը փոխվելուց հետո, իսկ ռեժիմն, այո, փոխվելու է»։

Աղբյուրը`   Սերգեյ Ամիրյան