Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 18 մայիսի, 2025 թ.

«ՀՀ-ում մոդուլային ատոմակայանի կառուցումը կդառնա զսպող մեխանիզմ տարածաշրջանային կայունության համար»․ Արման Բաբաջանյան

167
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 23:00
«ՀՀ-ում մոդուլային ատոմակայանի կառուցումը կդառնա զսպող մեխանիզմ տարածաշրջանային կայունության համար»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմային կայանի կառուցման գործընթացը շրջադարձային իրադարձություն է, որն ամբողջովին վերափոխում է ոչ միայն մեր երկրի էներգետիկ համակարգը, այլև տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։ Westinghouse ընկերության հետ համագործակցությունը և ԱՄՆ կառավարության ակտիվ աջակցությունը ցույց են տալիս, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես էներգետիկ ենթակառուցվածքի նախագծում։ Այն դառնում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության խորացման առանցքային հենասյուներից մեկը։
Westinghouse Electric Company-ն համաշխարհային առաջատար է միջուկային էներգետիկայի ոլորտում՝ նորարարական տեխնոլոգիաների և անվտանգության չափանիշների կիրառման շնորհիվ։ ԱՄՆ-ի դաշնակից բազմաթիվ երկրներ՝ Հարավային Կորեան, Ճապոնիան, Չեխիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, հաջողությամբ ինտեգրել են Westinghouse-ի տեխնոլոգիաները՝ ապահովելով ոչ միայն էներգետիկ ինքնաբավություն, այլև ամրապնդելով իրենց ռազմավարական անվտանգությունը։ Այս մոդելը վկայում է, որ երբ ԱՄՆ-ը մասնակցում է երկրի էներգետիկ միջուկային նախագծերին, այդտեղ ոչ միայն տնտեսական, այլև երկարաժամկետ պաշտպանական համագործակցության բաղադրիչ կա։
Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցումը պետք է դիտարկել որպես տարածաշրջանի համար նոր էներգետիկ և անվտանգային հավասարակշռության ձևավորում։ Այս ծրագիրը երեք հիմնական ուղղությամբ է փոխելու Հայաստանի ռազմավարական դիրքը.
Առաջին, Հայաստանը դառնում է էներգետիկ հաբ, որը հնարավորություն կունենա էլեկտրաէներգիայի մատակարար դառնալու ոչ միայն իր ներքին շուկայի, այլև բոլոր հարևան երկրների համար՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Վրաստանը։ Էլեկտրաէներգետիկ կախվածությունը Հայաստանից կդառնա արդյունավետ զսպող մեխանիզմ տարածաշրջանային կայունության համար, ինչպես նաև տնտեսական երկարաժամկետ ապահովագրություն՝ հնարավոր ճնշումների դեմ։
Երկրորդ, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումով ատոմակայանի կառուցումը ենթադրում է, որ այդ օբյեկտի անվտանգությունը դառնում է միջազգային—առաջին հերթին՝ ամերիկյան—անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը։ Փաստացի, սա ավելացնում է ԱՄՆ ռազմավարական ներկայությունը Հայաստանում առանց ֆորմալ ռազմական բազայի ձևաչափի, ինչը բխում է տարածաշրջանում հավասարակշռված և զուսպ, բայց արդյունավետ պաշտպանության քաղաքականությունից։
Երրորդ, այս նախագիծը սերտորեն կապված է 2024 թվականի ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Եվրոպական Միությունը, որը հավակնում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները, ռազմավարական շահագրգռություն ունի Հարավային Կովկասում կայուն և վստահելի գործընկեր ունենալու հարցում։ Հայաստանի միջոցով ԵՄ-ն ստանում է նոր հնարավորություն՝ ապահովելու էներգետիկ ուղղություն, որը քաղաքականորեն անվտանգ է և տեխնոլոգիապես զարգացած։
Այս նախաձեռնությունը վեր է դասվում սովորական տնտեսական ծրագրերից։ Այն Հայաստանի համար դառնում է ազգային անվտանգության, էներգետիկ անկախության և միջազգային դերակատարության ամրապնդման խոշոր գործիք։ Մինչ այժմ տարածաշրջանում էներգետիկ առաջատարությունը կենտրոնացած էր նավթով և գազով հարուստ պետությունների ձեռքում։ Հայաստանը, չունենալով այդ ռեսուրսները, ստանում է հնարավորություն խաղի կանոնները փոխելու և անցնելու նոր դարաշրջան՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, գործընկերության և սուվերեն էներգետիկ կարողությունների վրա։
Այս ծրագիրը նաև հստակ ուղերձ է Մոսկվային և Անկարա-Բաքու տանդեմին, որ Հայաստանը դուրս է գալիս արտաքին կախվածության շրջանակներից և ձևավորում է իր անվտանգության ու զարգացման մոդելը՝ հենվելով արևմտյան կառույցների և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա։
Ամփոփելով՝ Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցումը դառնալու է այն առանցքը, որի շուրջ կկայունանա երկրի տնտեսական աճը, տարածաշրջանային ազդեցությունը և անվտանգային համակարգը։ Սա Հայաստանի պատմական հնարավորություն է՝ վերածվելու էներգետիկ և ռազմավարական կենտրոնի՝ ապահովելով իր արժանապատիվ տեղը միջազգային համակարգում»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան