«Հայաստանցի-ղարաբաղցի անառողջ բանավեճը հասել է նաև նահատակներին»․ Թաթուլ Հակոբյան
175
Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 09:48
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանցի-ղարաբաղցի այս անառողջ բանավեճը հասել է նաև նահատակներին... Պատերազմական և հետպատերազմյան ամենածանր տպավորություններից մեկը ունեցել եմ Ստեփանակերտի ազատամարտիկների թանգարանում, երբ Գալյա Առստամյանի հետ անցա զոհերի շարքերով: Չեմ հիշում՝ որ թվականն էր դա, բայց առաջին այցից անմիջապես հետո, երբ վերադարձա Երևան, մի քանի շաբաթներ անցկացրի, որպեսզի հաշվեմ, թե Արցախում որ թվականին ենք որքան զոհեր ունեցել և որ շրջաններում: Վիճակագրությունն ու թվերը շատ ավելի հստակ են տալիս պատերազմի ողբերգության պատկերը: Հատկապես ուժեղ էր ազդել 1994-ի առաջին ամիսների Հորադիսը: Հունվար-ապրիլ ամիսներին այդ ուղղությամբ հաշվեցի մոտ 700 զոհ՝ անուն առ անուն, և մեծագույն մասը 1974 թվականի ծնվածներ և մեծագույն մասը՝ հայաստանցիներ: Ինձ համար պարզ էր, որ պատերազմի վերջին ամիսներին Հայաստանի բանակն է այնտեղ ուղարկվել՝ 20-ամյա տղաներ: Հետո նաև սկսեցի հաշվել, թե որքան զոհեր են տվել Արցախը՝ մարտական և քաղաքացիական, Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը... Ես դա անում էի ոչ թե ցույց տալու, որ ամենից շատ զոհ տվել է Արցախը, այլ ուզում էի պարզել ողբերգության սահմանները: 44-օրյայի զոհերը չեմ դասակարգել, դա կանեմ տարիներ հետո, երբ նաև ծավալուն գիրք կգրեմ: Այսօր դրա համար լավ ժամանակը չէ: Պետք է անցնեն տարիներ, դեռ շուտ է, շատ շուտ է: Այսօր, ցավոք, հայաստանցի-ղարաբաղցի այս անառողջ բանավեճը հասել է նաև նահատակներին: Պարզ չէ՞, որ ավելի շատ զոհ պիտի տար Արցախը, քանի որ պատերազմը Արցախում էր և Արցախի համար: Պարզ չէ՞, որ եթե պատերազմը լիներ, ասենք, Տավուշում և Տավուշի համար, ավելի շատ զոհ պիտի տար Տավուշը, իսկ Արցախն ու Սյունիքը ավելի քիչ զոհեր պիտի տային: Պարզ չէ՞, թե ինչու է Ջավախքը միայնակ տվել երեք անգամ ավելի զոհ, քան ամբողջ Սփյուռքը: Խոսքը 1991-1994թթ պատերազմի մասին է: Եթե 7 միլիոնանոց Սփյուռքը տվել է 4 զոհ, ապա հարյուր հազարանոց Ջավախքը՝ տասից ավելի զոհ»: