«Նիկոլ Փաշինյանը շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ»․ Անդրանիկ Թևանյան
140
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 17:54
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո արևմտյան գլոբալիստները չեն հանդարտվում: Վերջիններիս դուր չի գալիս այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է երկխոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի մասով: Գլոբալիստների համար կարևորը Ռուսաստանին ցանկացած գնով վնասելն է: Ու թքած, թե դրա արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Արցախի հետ, Հայաստանի ու մյուսների հետ: Նիկոլ Փաշինյանն այս շրջանակների համար օգտագործվող գործիք է: Նրան օգտագործեցին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպեսզի ռուսներին վնասեին: Հետևանքը՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտումն էր: Մակրոններին, բայդեններին, միշելներին դա չհուզեց: Ձևական արցունքներ թափեցին ու անցան առաջ: Նիկոլն էլ նույնն արեց ու հիմա դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին: Գլոբալիստների համար Թուրքիան Ռուսաստանի դեմ աշխատելու բնական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանն իր կաշվի ու աթոռի փրկության հարցում ապավինում է հենց Թուրքիային: Զուգահեռաբար նա շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի բանաձև է քվեարկվել, որին միացել է նաև Հայաստանը: Ըստ այդ բանաձևի՝ ՌԴ-ն Ուկրաինայի մասով ագրեսոր է ճանաչվել: Այսինքն՝ Հայաստանը, որը դե յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, Հայաստանը, որի անվտանգային համակարգը մեծապես Ռուսաստանից է կախված, ագրեսոր է ճանաչում նույն Ռուսաստանին և հանդես գալիս Ուկրաինայի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես գործել է հօգուտ Ադրբեջանի, ողջունել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, 44-օրյա պատերազմի արդյունքների մասով շնորհավորել է Ադրբեջանին: Ուշագրավն այն է, որ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Վերջինս հաստատ դիվիդենտներ է քաղելու այս ամենից: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին: Սա Նիկոլ Փաշինյանի կողմից պրոթուրքական ու հակահայկական հերթական քայլն է, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը: Քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումից միայն այս երկու երկրները կարող են օգտվել: Սա պոզով ու պոչով դավաճանության վառ օրինակ է»։