«Դատապարտյալներից ոմանք հայտնել են իրենց նկատմամբ գործադրված անհամաչափ ուժի մասին»․ ՀՀ ՄԻՊ
85
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 17:18
ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատություից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ: Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները: Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն: Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են: Դրանց կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից»: