«Մեր պետությունը, ի տարբերություն Վրաստանի, ներդրում չի անում ու միայն հարկում է ֆուտբոլը». Թաթուլ Հակոբյան
107
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 08:54
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ գիշեր ֆեյսբուքի իմ ժապավենը գրեթե բացառապես ֆուտբոլ էր՝ դատապարտում, ծաղր, հեգնանք, հումոր... Այդպես էր նաև չորս օր առաջ՝ Երևանում Վրաստանի հավաքականին 0-3 պարտվելուց հետո: Ես ուզում եմ գրել մի բանի մասին, որ չեն գրել իմ ընկերներն ու հետևողները, բայց որը, իմ կարծիքով, ամենակարևորն է և մեր երեկվա մղձավանջի բուն պատճառներից մեկը, եթե կուզեք՝ գլխավորը: Մեր պետությունը, ի տարբերություն Վրաստանի, ֆուտբոլի մեջ ներդրում չի անում և միայն հարկում է ֆուտբոլը: Եթե Հայաստանում կա Պրեմյեր լիգա, Առաջին լիգա, մանկապատանեկան ֆուտբոլ, ապա դրա մեջ պետությունը ունի ԶՐՈ ներդրում: Հակառակը, նայեք և տեսեք, թե անցյալ տարի ինչքան հարկ են վճարել ՆՈԱ-ն, ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ն, ՓՅՈՒՆԻԿ-ը, ՇԻՐԱԿ-ը, մանկապատանեկան թիմերը... Վրաստանում արդեն տասը տարի պետությունը ֆինանսավորում է ոչ միայն ակադեմիաները, մանկապատանեկան ֆուտբոլը, այլ Բարձրագույն լիգայի ԲՈԼՈՐ թիմերին: Ավելի պարզ՝ Հայաստանի պետությունը հարկում և քերում է հայկական աղքատ ֆուտբոլը, Վրաստանի պետությունը ֆինանսավորում է ֆուտբոլը: Հասկանում եք, չէ՞, տարբերությունը: Ես, իհարկե, շահագրգիռ կողմ եմ և կարող է իմ գրածը ընկալվել միակողմանի, բայց իրականությունը դա է: 2016 թվականից անուղղակի, իսկ 2018-ից որպես փոքր ակումբի հիմնադիր, տարեկան մինչև 10 միլիոն դրամ եմ ներդնում մանկապատանեկան, մարզային ֆուտբոլում: Սա, իհարկե, մի կաթիլ է ծովում: Այս ինը տարիների ընթացքում ինձ օգնել են՝ ա/ հայկական և միջազգային կազմակերպություններ, բ/ ֆինանսական ընկերություններ, գ/ բազմաթիվ անհատներ ՀՀ-ից և Սփյուռքից, դ/ ես եմ ներդրումներ անում իմ ոչ մեծ կարողություններից: Մեր պետությունը այս ընթացքում ԶՐՈ ներդրում է կատարել և ԶՐՈ առաջկցություն ցուցաբերել: Հիմա ես չեմ եկել գրելու, թե պետությո՛ւն, ինձ փող տու: Եթե տա, լավ կլինի, բայց եթե տա, պետք է տա ԲՈԼՈՐ ակումբներին: Հայկական ֆուտբոլը գոյություն ունի ԲԱՑԱՌԱՊԵՍ անհատ մարդկանց շնորհիվ, պետությունը միայն հարկում է հայկական ֆուտբոլը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի և հաջողությունների հիմքը մանկապատանեկան ֆուտբոլն է: Ու քանի դեռ պետությունը 50/50 կամ այլ համամասնությամբ չի մասնակցում ֆուտբոլային, մանկապատանեկան կրթությանը, այն մնալու է անհատ մարդկանց հոգածության և ներդրումների հույսին: Պատրանքներ չունենաք... հաջողություններ չենք ունենալու, քանի դեռ պետությունը ֆուտբոլ ԲԱԼԵՏ անելուց այն կողմ չի գնում»: