Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Սիրիան քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձ»․ Ալ-Շաարան՝ տեղի ունեցածի մասին

204
Այսօր, 17:50
«Սիրիան քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձ»․ Ալ-Շաարան՝ տեղի ունեցածի մասին

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ նոր իշխանությունները թույլ չեն տա, որ անցումային կառավարության հակառակորդները կամ այլ արտաքին ուժեր երկիրը ներքաշեն քաղաքացիական պատերազմի մեջ՝ իր ուղերձում ընդգծելով, որ զանգվածային բախումների բոլոր մեղավորները կպատժվեն։

Անվտանգության ուժերի և ալավիների միջև բախումները շարունակվում են մարտի 7-ից։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի գնահատմամաբ՝ մարտի 9-ի դրությամբ բախումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել։

Ահմեդ ալ-Շարաան ապստամբության մեջ մեղադրել է «Ասադի կողմնակիցներին» և «օտար տերություններին»: Սիրիայի՝ անցումային շրջանի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը։

«Այսօր մենք կանգնած ենք նոր վտանգի առաջ․ սա նախկին ռեժիմի մնացորդների և նրանց օտար հովանավորների կողմից նոր թշնամություն հրահրելու և մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձ է՝ նրա միասնությունն ու կայունությունը տապալելու նպատակով»,- ասել է Ալ-Շաարան։

Շարաայի խոսքով՝ ժամանակավոր կառավարության գրասենյակն այժմ անկախ կոմիտե է ձևավորում՝ բացահայտելու «բախումների յուրաքանչյուր հրահրողին» և հետաքննելու սպանությունների և հրապարակային բռնությունների հանգամանքները։

Ալավիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում անկարգություններն սկսվել են անցյալ շաբաթվա սկզբին՝ այն բանից հետո, երբ կառավարական անվտանգության ուժերը փորձել են «մաքրել» Ջաբլե քաղաքի մոտ գտնվող գյուղը: Բացի Ջաբլեից և Լաթաքիայից, բախումները շարունակվում են Տարտուսի, Հոմսի և Հմեյմիմի փողոցներում։

Սիրիայում բռնությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել