Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«ԴՕԿ կուսակցությունը պառակտելու փորձեր են արվում»․ ԴՕԿ

141
Այսօր, 09:24
«ԴՕԿ կուսակցությունը պառակտելու փորձեր են արվում»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Վարդան Ղուկասյանի հարգարժան հետևորդներ, սիրելի քաղաքացիներ, հարգելի լրագրողները։
Ամփոփելու համար բոլոր բամբասանքները՝ վերջին անգամ ԴՕԿ կուսակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որից հետո այլևս խստորեն արգելում և դատապարտում ենք ցանկացած քայլ, որով փորձ կարվի օգտագործել Վարդան Ղուկասյանի անունը՝ անկախ նրանից ինչպես է դա հրամցվում հասարակությանը և ինչ նպատակներով են վերնագրվում այդ շահարկումները։ Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր մարդիկ անհանգստացած են Վարդան Ղուկասյանի դատավարությամբ և վերջին անգամ հայտարարում ենք, որ երկու տեղից կարող են հրապարակվել պաշտոնական տեղեկություններ. առաջին՝ Վարդան Ղուկասյանի մայրիկը՝ Սուսաննա Ղազարյան, երկրորդ՝ ԴՕԿ կուսակցության լրատվական, որը ղեկավարվում է անձամբ Վարդան Ղուկասյանի կողմից։ Մնացած բոլոր աղբյուրներն ունեն իրենց լավ, կամ վատ նպատակները, սակայն չեն կարող և չեն հրապարակում պաշտոնական տեղեկատվություն և Վարդան Ղուկասյանի դիրքորոշումները, իսկ որ այս իրավիճակում առավել մտահոգիչ և համընդհանուր վտանգավոր է՝ այդ տեղեկությունները և ավելորդ աղմուկը միայն վնասում են Վարդան Ղուկասյանին։
Արձանագրենք հետևյալ փաստերը։
1․ ԴՕԿ կուսակցությունը որևէ տեղեկություն չի հրապարակում առանց անձամբ Վարդան Ղուկասյանի հրահանգի, կամ նրա հետ համաձայնեցնելու։
2․ Այս պահին ընթանում է դատավարություն, որի շահերից ելնելով պետք է ապավինել միայն այն աղբյուրին, որին հասանելի են դառնում Ղուկասյանի դիրքորոշումները, դա ՄԻԱՅՆ ԴՕԿ կուսակցությունն է, որը իր պաշտոնական հրապարակումներն անում է այս էջով։
3․ Թե մեր կուսակցությունը, թե Վարդան Ղուկասյանը, այս պահին նյութական որևէ աջակցության կարիք չունեն։ Շնորհակալություն հայտնելով բարոյական աջակցության համար ևս մեկ անգամ հորդորում ենք ամերիկահայերին մարտի 10-ին համախմբվել դատարանում՝ սատարելու Վարդան Ղուկասյանին։
4․ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը, թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում պատրաստված է, Վարդան Ղուկասյանը ևս գերազանց գիտի թե ինչպես պետք է ինքնապաշտպանվել։
5․ Այս օրերին փորձեր են արվում Վարդան Ղուկասյանի հիմնած ԴՕԿ կուսակցությանը պառակտելու, որը անելու համար թիրախավորվում է կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը, ով Վարդան Ղուկասյանի գործընկերն է ավելի քան երկու տասնամյակ և այստեղ խոսքերն ավելորդ են։
6․ Բաժանիր, որ տիրես։ Սիրելի հայրենակիցներ, որևէ աջակից, կամ սրտացավ մարդ չի կարող թիրախավորել Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, սա Ձեզ պետք է հուշի, որ որևէ միտում կա։ Վստահեք բացառապես այն մարդկանց, ովքեր ուղիղ կապ ունեն Ղուկասյանի հետ։ Իսկ այդ անձը այսօր Անի Խուդավերդյանն է և Ղուկասյանի մայրը, ովքեր կապի հնարավորություն ունեն նաև փաստաբանների հետ։
7․ Վարդան Ղուկասյանը ուժեղ, հայրենասեր, փորձված և ամենակարևորը ամուր կամքով քաղաքական և պետական գործիչ է և ժամանակն է նրան հարիր պայքար մղել ընդդեմ անարդարության։
8․ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ։ Շատ շուտով Վարդան Ղուկասյանն անձամբ, ընդամենը մեկ ուղիղ միացմամբ կտա բոլոր հարցերի պատասխանները և բոլորին ցույց կտա իրենց տեղը։
Եւս մեկ անգամ դիմելով բոլորիդ, տեղեկացնում ենք, որ կուսակցության կողմից մշտադիտարկվում են բոլոր գործողությունները, անուն առ անուն գիտենք և հետևում ենք ցանկացած քայլի։ Վարդան Ղուկասյանի միակ հենարանը ազնիվ քաղաքացին է, հանուն որի էլ Ղուկասյանն անցնում է իր ճանապարհը։ Խնդրում և հորդորում ենք համախմբվել և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտրվելով ամենատարբեր շահեր սպասարկող անձանց, չմիանալով որևէ էջի, կամ խմբի և չտրվելով սադրանքներին։
Այս պահից սկսած կենտրոնացնում ենք բոլոր ուժերը ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Թե տիկին Սուսաննայի, թե Անի Խուդավերդյանի հայտարարությունների հիմքերի վերաբերյալ կխոսի արդեն Վարդան Ղուկասյանը։ Մինչ այդ շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր այս օրերին մեր կողքին են և տարածում են այն տեղեկատվությունը, որը բխում է դատավարության շահերից և չի դառնում լրացուցիչ սպառնալիք գործընթացի համար»։