Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Ո՞ւմ հրամանով պայթյունից ժամեր առաջ պահեստի անվտանգությունն ապահովող ուժերը դուրս բերվեցին այնտեղից». Տիգրան Աբրահամյան

188
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 10:12
«Ո՞ւմ հրամանով պայթյունից ժամեր առաջ պահեստի անվտանգությունն ապահովող ուժերը դուրս բերվեցին այնտեղից». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք:
Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների թիվը 8 տասնյակի էր հասնում:
Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո՝ խրամատներից: Փրկվելով պատերազմից՝ այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան:
Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը՝ դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ՝ հստակություն չկա:
Երկրում մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն:
200-ից ավելի մարդ ենք կորցրել՝ ո՛չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո՛չ էլ, առավել ևս, պատժվածների:
Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից, ու ինչպե՞ս և ո՞ւմ հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին:
Այդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ո՞ւմ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել՝ օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից»: