Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով կարող են 1 տարի մնալ ՀՀ տարածքում»․ Գառնիկ Դանիելյան

870
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 11:36
«Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով կարող են 1 տարի մնալ ՀՀ տարածքում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վիրահայ մեր հայրենակիցների համար օգտակար մի քանի տեղեկություն՝ պայմանավորված վերջին փոփոխություններով.
▪️ Վրաստանում ապրող Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունենալը որևէ կերպ չի խանգարի նրանց այս ընթացակարգից օգտվելու համար:
▪️ Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող, այլ երկրի (ՀՀ, ՌԴ և այլն) քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Ուշադրություն. այս դեպքում վերջիններիս համար անհրաժեշտ կլինի մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ ներկայացնել նաև Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունքի վկայական: Այս կարգը սահմանվեց 2024 թ. սեպտեմբերից սկսած՝ Yerkir.am կայքի խմբագիր, ջավախահայ Վահե Սարգսյանի կողմից ՊԵԿ-ին ներկայացված խնդրի և առաջարկների հիման վրա: Ի ուրախություն այս խմբի մեջ մտնող մեր հայրենակիցների՝ նշեմ, որ վերջին օրերին ՊԵԿ-ի կողմից հաստատված կանոններով՝ այս դեպքում (Վրաստանում կացության քարտի հիման վրա մուտք գործելու դեպք) ևս մեր հայրենակիցները կարող են ՀՀ տարածքում իրենց մեքենան շահագործել մինչև մեկ տարի: Այս ընթացակարգով սահմանված ժամկետը կրկին հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների ժամկետին (մինչ այս 15 օր էր այն):
▪️ Վրաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր միաժամանակ ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ Վրաստանում կացության իրավունքի քարտով ՀՀ տարածք մուտք գործելիս վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաները առայժմ չեն կարող վարել վրացական վարորդական իրավունքի վկայականներով: Ցավոք, գործող կարգի հիման վրա մեր հայրենակիցները դեռ ենթակա են տուգանման: Խնդիրը բարձրաձայնելուց հետո ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է վրացական վարորդականներով երթևեկելու մինչև մեկ ամիս ժամկետ սահմանել: Այս ժամկետը բավարար չէ, և ձգտելու ենք հասնել նրան, որ կա՛մ այն դառնա անժամկետ, կա՛մ առնվազն հավասարեցվի մեքենաների շահագործման թույլտվության ժամկետին (1 տարի):
▪️ Նշված խմբերին պատկանող վրաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են Վրաստանի այլ քաղաքացու սեփականություն հանդիսացող մեքենայով ևս նշված ընթացակարգերով մուտք գործել ՀՀ՝ լիազորագրի հիման վրա»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան