Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ.

«Արդյո՞ք Բելլան ցանկանում է, որ Հայաստանն իրեն պաշտպանի». Կարեն Հեքիմյան

441
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 18:54
«Արդյո՞ք Բելլան ցանկանում է, որ Հայաստանն իրեն պաշտպանի». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Ալեքսանդր Լապշինն ահազանգեց Մինսկում ՀՀ քաղաքացիություն ունեցող Բելլայի ձերբակալման մասին, անձամբ ինձ մոտ միանգամից երկու հարց առաջացավ՝
1. Արդյո՞ք Լապշինը Հայաստանն Իսրայելի հետ չի շփոթում:
2. Արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ունեցող Բելլան ցանկանում է, որ Հայաստանն իրեն պաշտպանի:
Մի փոքր մանրամասնեմ:
Ի տարբերություն Հայաստանի, Իսրայելը բոլոր հրեաների Հայրենիքն է՝ անկախ այս կամ այն հրեայի ծննդավայրից: Իսրայելն աշխարհի ցանկացած կետում գտնվող հրեայի պաշտպանն է: Դա է այդ պետության դոկտրինը: Ցավոք, Հայաստանն անգամ Հայաստանում բնակվող հայերի պաշտպանը չէ, ապացույց՝ Արծվաշեն, Արցախ ... Բացի դրանից՝ վերջերս նորաձև է դարձել օտարերկրյա քաղաքացի այլախոհ հայերի՝ «Նոր Հայաստան» մուտքի արգելքը, ինչն Իսրայելի դեպքում քիչ հավանական է: Այս իմաստով, Լապշինը հաստատ Հայաստանն Իսրայելի հետ է շփոթում:
Մյուս կողմից՝ մինչ օրս, գոնե Հայաստանում, որևէ մեկը չի լսել ՀՀ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ Բելլայի մասին: Արդյո՞ք Բելլան իրեն ՀՀ քաղաքացի է համարում: Ավելին՝ արդյո՞ք Բելլան ցանկանում է, որ Հայաստանն իրեն պաշտպանի: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Բելլան «զբաղվում է քաղաքականությամբ»:
Այսօր մտահոգություններս հաստատվեցին: Բելլայի ընկերուհին «Հրապարակ»-ին տրված հարցազրույցում ասաց, որ Բելլայով անհանգստացածները «վառված են Բելառուսից»: Վերջինս «վախենում է» նաև, որ Բելլային Հայաստանի կողմից պաշտպանելը կարող է հակառակ էֆեկտ առաջացնել:
Եվ այսպես, ի՞նչ է ստացվում:
Ուրեմն, Բելլան հանգիստ ապրում է իր սիրած Բելառուսում, Հայաստանը չի հիշում ու մեկ էլ՝ հայաստանցիները՝ չգիտես որտեղից, տեղեկանում են Բելլայի մասին և ցանկություն են հայտնում վերջինիս պաշտպանել, որը պաշտպանության կարիք չունի:
Իհարկե, շնորհակալություն Ալեքսանդր Լապշինին, սակայն կրկին հիշեցնեմ, որ, ցավոք, Հայաստանն ամենևին էլ Իսրայելը չէ, իսկ աշխարհով մեկ սփռված հայերն, ի տարբերություն հրեաների, «քաղաքականությամբ չեն զբաղվում»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան