Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ.

«Հարուստների առողջության ապահովագրությունը՝ միջին խավի հաշվին»․ Ծաղիկ Վարդանյան

929
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 17:30
«Հարուստների առողջության ապահովագրությունը՝ միջին խավի հաշվին»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն որ 2023 թվականից պետք է ներդրված լիներ առողջապահական համակարգի ամենաթմբկահարվող բարեփոխումը, իսկ ես կասեի հեղափոխական ծրագիրը՝ առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ), դա թողնենք ՀՀ կառավարիչներին՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառը, որ հերթական անգամ խրոխտ առոգանությամբ, համոզիչ տոնայնությամբ առողջապահության համակարգի կառավարիչները տարիներով շեփորահարում էին ապահովագրության ներդրման մասին, բայց արի ու տես, 2025 թիվն է, իսկ ՀՀ քաղաքացին առողջության պարտադիր ապահովագրություն չունի:
Հիմնականի մասին
Այժմ ցանկանում եմ հանրությանը ներկայացնել մի քանի կարևոր թեզեր ներկայում շրջանառվող «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծից:
Այս օրենքը գրված է հօգուտ մեծ եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիների և ծառայելու է միջին խավի հաշվին նրանց առողջապահական կարիքները հոգալուն: Հերթական անգամ, իրեն սոցիալական, ժողովրդավար պետություն հռչակած Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարիչների, նախապատրաստվում է սոցիալական անարդար սկզբունքներով օրենք ընդունել, որ ընդունման արդյունքում, ցածր և միջին եկամուտ ունեցողները հոգալու են բարձր և գերբարձր եկամուտ ունեցողների առողջական ծախսերը: Սա շրջադարձային հակառակ մոտեցում է աշխարհում ընդունված դասական առողջության սոցիալական ապահովագրության սկզբունքներին:
Իսկ հիմա ավելի առարկայական
ԱՀԱ օրենքի նախագծի Հոդված 14-ում ներկայացված է քաղաքացիների կողմից վճարվելիք ապահովագրավճարի հաշվարկման կարգավորումները:
Նախ նշեմ, որ ապահովագրավճարը սահմանված է բացարձակ թիվով, ոչ թե քաղաքացու աշխատավարձից հաշվարկվող տոկոսի ձևով և կազմում է 120.000-ից 164.400 դրամ տարեկան կամ ամսական՝ 10.000-ից 13.700 դրամ: Յուրաքանչյուր տարի պետությունը, ըստ իր ֆիսկալ հնարավորությունների, ներկայացրած տիրույթում կորոշի ապահովագրավճարի չափը:
Հիմա, նույն այս հոդվածում ամրագրված է, որ եթե քաղաքացին ստանում է աշխատավարձ մինչև ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 75.000*2=150.000 դրամ, ապա վճարում է սահմանված ապահովագրավճարի 40%, այսինքն՝ ամսական 4.000-5.840 դրամ, իսկ եթե քաղաքացին ստանում է աշխատավարձ մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը՝ 75.000*4=300.000 դրամ, ապա նա վճարում է ապահովագրավճրի 60 %-ը, այս դեպքում ամսական՝ 8.000-10.960 դրամ:
Հետևաբար, եթե քաղաքացին ստանում է 301.0 հազար դրամ և ավել, ապա վճարում է ապահովագրավճարը ամբողջությամբ՝ ամսական 10.000-13.700 դրամ:
Հիա, որպեսզի համադրելի լինեն վերոնշյալ ցուցանիշները և ավելի հստակ հասկանալի լինի այն ֆինանսական բեռը, որ ԱՀԱ-ի օրենքի ընդունումից հետո ընկնելու է տարբեր եկամուտների չափ ունեցող քաղաքացիների ուսերին, անհասկանալի որակի առողջապահական ծառայություններից օգտվելու համար, ներկայացում եմ հետևյալ հաշվարկը.
* 100.000 դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի 4-ից-5,5%-ը, (միջազգային պրակտիկայում շատ կիրառվող տոկոսային չափ)
* 200.000 դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի 4-ից-5,5%-ը,
* 500.000 դրամ աշխատավարձ ստացողը՝ 2-ից-2,7%-ը,
* 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը ՝ 1-ից-1,4%-ը,
* 2 մլն դրամ աշխատավարձ ստացողը՝ 0,5-ից-0,7%-ը,
* 3 մլն դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի ընդամենը 0,3-ից-0,46%-ը,
Ստացվում է, որ օրինակ բժշկական կենտրոնի տնօրենը, ով ստանում է շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ, վճարելու է ապահովագրավճար իր աշխատավարձի ընդամենը 1-ից-1,4%-ը, երբ նույն կլինիկայում աշխատող բուժքույրը, ով սատանում է 200.000 դրամ, վճարելու է իր աշխատավարձի 4-ից-5,5%-ը, այսինքն 4 անգամ տոկոսային հարաբերությամբ ավել իր տնօրենից և ստանալու է նույն բժշկական ծառայությունների փաթեթից օգտվելու իրավունքը:
Հիշեցնեմ, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը մոտ 280.000 դրամ է, իսկ միլիոններով աշխատավարձ ստանում են բարձր պաշտոն զբաղեցնողները, ՏՏ ոլորտում աշխատողները, մասնավոր բիզնեսի բարձր մենեջերական թիմերը և այլն:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կառավարություն, այսօրինակ մոտեցումը հակասոցիալական է, չի բխում հասարակության սոցիալական համերաշխությունից, այն ավելի է խորացնելու հասարակության մեջ եղած պառակտումը:
Հ.Գ. Սա ոչ միայն ապասոցիալական է. արդար չէ, այլ նաև ամոթալի է
Շարունակելի.....»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան