Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը

261
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 23:00
Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը

2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել (ստորև) որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։

Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր։

Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին, որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին):

Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը):

Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։

Աղբյուրի արձագանքը

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ), գրում է monumentwatch.org-ը: