Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

«Հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է»․ Արմինե Օհանյան

113
Այսօր, 01:00
«Հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ից առաջ էլ մեր հանրությունը շատ համերաշխ ու միասնական չէր, բայց այն, ինչ կատարվեց 18-ից հետո, մեր ազգի միասնականության հարցում քարը քարի վրա չթողեց: Նախկիններին մերժելու և հին կարգերը նորով փոխարինելու անվան տակ նախ հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների: Նրանց թվաց՝ գտել են հավերժ իշխելու, բոլոր իրենց սխալներն արդարացնելու ձևը՝ կերտում ես հավերժ թշնամու, մեղավորի կերպար, և քո մեղքն արդեն չեզոքանում է: Ոչինչ, որ հանրությունը դրանից պառակտվում է, բզիկ-բզիկ լինում, ոչինչ, որ թշնամանք ու ատելություն ես գեներացնում հանրային որոշ խմբերի նկատմամբ: Իսկ հետո արդեն պառակտելն ու թշնամանք հրահրելը դարձան նորմա. արդարադատությունը կաղում է՝ մեղավորը վնգստացող դատավորներն են, արտաքին ֆրոնտում անհաջողություններ կան՝ կոշիկ լիզող դիվանագետներն են պատճառը, կրթությունը լավը չէ՝ տգետ ուսուցիչների մեղքն է, Արցախը հանձնողն արցախցիներն էին, բանակը քանդողը՝ զինվորականները և այլն: Իսկ մատից ծծած՝ հետո կարճվող քրեական գործերով, ապօրինի գույքի մասին հնչեղ հայտարարություններով հանրությանն ավելի պառակտեցին, ատելությունը խորացրին: Եվ պրոցեսն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել. Հայաստան-Սփյուռք, Երևան-մարզեր, հարուստներ-աղքատներ անտագոնիզմը խորացավ մինչև ամենափոքր միավոր՝ չմնաց գեթ մեկ ընտանիք, որտեղ մարդիկ համերաշխ են ու համակարծիք: Գեթ մեկ ոլորտ, համակարգ, կառույց, որը մեկ ուրիշ ոլորտի, համակարգի, կառույցի հետ տարաձայնություններ չունի: Եվ պառակտումը հասավ կատաստրոֆիկ չափերի՝ առաջին հայացքից ընդհանուր շահեր ունեցողներն են արդեն կոնֆլիկտի մեջ. հարուստները կռվում են այլ հարուստների հետ, աղքատները՝ պակաս աղքատների, վարորդներն՝ ուղևորների, 100 դրամի կողմնակիցները 150-ի կողմնակիցների, պետական ծառայողները՝ մասնավորում աշխատողների, աշխատողները՝ գործազուրկների: Հայը՝ հայի հետ: Եվ այս մեծ խառնակչությունը, հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է 7 տարվա կառավարման ընթացքում: Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրական Հայաստանը»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան