Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

«Միամտություն է սպասել, թե ռուսների և ադրբեջանցիների «ապահարզանը» կվերածվի թշնամանքի»․ Արամայիս Աղաբեկյան

92
Այսօր, 00:24
«Միամտություն է սպասել, թե ռուսների և ադրբեջանցիների «ապահարզանը» կվերածվի թշնամանքի»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են վատթարանալ. բանը հասել է նրան, որ Ադրբեջանը պահանջում է փակել Ռուսական տունը, որը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունն է, և որպես խնդիր ձևակերպել է ռուս-ադրբեջանական մշակութային, հումանիտար և, ինչու չէ, նաև քաղաքական համագործակցության խորացումը։

Միամտություն կլինի կարծել, որ ջերմ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է ադրբեջանական ինքնաթիռի վթարով, ինչպես միամտություն է սպասել, որ ռուսների և ադրբեջանցիների այս «ապահարզանը» վերածվելու է բացարձակ թշնամանքի։

Իրականում այսպիսի լարվածություն և նույնիսկ ավելին, մենք տեսանք, երբ շրջանառության մեջ էր դրված «Խովաևյան պլանը», և ընթանում էին Միրզոյան-Բայրամով բանակցությունները արևմտյան պլատֆորմներում։

Այնտեղ, ՀՀ-ից իրենց ուզածը կորզելուց հետո, ադրբեջանցիները շատ հանգիստ վերադարձան ռուսական ուղեծիր և սկսեցին ակնկալել «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը․․․

Հիմա թվում է, թե թուրքերը այլևս ցանկանում են «քցել» նաև ռուսներին «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և դրա համար լավ առիթ է տեղի ունեցած ողբերգությունը։

Հակառակ դեպքում դժվար է բացատրել Ռուսաստանի նախագահի մակարդակով ներողությունից հետո Ալիևի կողմից ավելին պահանջելը և մինչև վերջ «գազ» տալը։

Ինչպես հասկանում եմ, խաղի մեջ Թուրքիան է, ավելի կոնկրետ՝ սուլթան Էրդողանը, ով «շոյել է» Փաշինյանի գլուխն ու խոստացել երաշխիքներ, եթե առանց ռուսների ելումուտը և թուրքերի բացարձակ ազդեցությունը ՀՀ-ի վրա ապահովվի։

Սրանով է պայմանավորված նաև իշխանական թևի ակնհայտ թրքամետ վերջին ջղաձգումները, ովքեր պատրաստ են սակարկման առարկա դարձնել ամեն ինչ, միայն թե իրենց իշխանությունը շարունակի գործել։

Թվում է, թե Փաշինյան «աղվեսը» նպատակ է դրել խոշոր խաղադրույքով «քցել» Պուտինին, ինչը, իր հերթին, պայմանավորում է Հայաստանում ռուսական գործակալական ցանցի աղիողորմ լացուկոծը։

Հ.Գ.

Ռուսական կողմը, անկասկած, Հայաստանում ունի մարդկային, մեդիա և ֆինանսական ռեսուրսներ, որոնք, եթե ճիշտ գործածվեն, գուցե հնարավորություն տան փոխելու Փաշինյանի դիրքորոշումը, բայց դա, միևնույն է, լինելու է հայ ժողովրդի հաշվին և մեր դեմ։

Մյուս հարցն այն է, թե ռուսները հետաքրքրված կլինե՞ն աջակցել Արցախը իր օրինական տիրոջը վերադարձնելու գործում. այդ դեպքում նրանք կունենան ոչ միայն «գործակալ» համարվող շրջանակների, այլև հայ ազգի առողջ, պայքարի պատրաստ հատվածի աջակցությունը»։