Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

Թրամփի հրամանով դադարեցվել է Սիրիայում քրդական ուժերի ֆինանսավորումը

535
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 19:32
Թրամփի հրամանով դադարեցվել է Սիրիայում քրդական ուժերի ֆինանսավորումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այլ երկրներին տրամադրվող օտարերկրյա օգնությունը կասեցնելու վերջին հրամանը, իբր, հանգեցրել է Սիրիայում քուրդ զինյալների ֆինանսավորման դադարեցմանը և նրանց ծախսերի խիստ կրճատմանը: Նման հայտարարություն է արել Türkiye թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրները։

Խոսքը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա սիրիական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG), ինչպես նաև նրանց հետ կապված կազմակերպությունների մասին է։ Աղբյուրի համաձայն՝ արտաքին օգնության ծրագիրը վերանայելու՝ Թրամփի որոշումը դադարեցրել է ֆինանսավորումը, սահմանափակել է նրանց ծախսերը տրանսպորտի և սննդի վրա և մեծ վտանգի տակ է դնում միջոցների հատկացումը։

Türkiye-ն գրում է, որ PKK-ի և YPG-ի ֆինանսական կառույցները զգուշացրել են շտաբների պահպանման, տրանսպորտի և սննդի ծախսերի սահմանափակումների մասին։ Բացի այդ, «հունվար և փետրվար ամսվա աշխատավարձերը կարող են լինել վերջինը»։ Սիրիայում քրդական կազմավորումները նաև, իբր, դադարեցրել են սննդամթերքի և վառելիքի ներմուծումը իրենց վերահսկողության տակ գտնվող բոլոր ճամբարներ, որտեղ ապրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ընտանիքները։

Türkiye-ն վկայակոչում է սիրիական Ռաքքա և Հասաքա շրջանների աղբյուրները, որոնք հաստատել են ներկա իրավիճակը։ Նրանց տվյալներով՝ զինյալների «աշխատավարձերը» բաժանված են երեք խմբի՝ 40, 60 և 150 դոլար:
Թերթի աղբյուրները հայտնել են նաև, որ PKK-ի և YPG-ի ներսում մեծ մտավախություն կա հյուսիսային Սիրիայում թուրքական ռազմական գործողության վերաբերյալ, որտեղ քրդերը վերահսկում են նավթային հանքավայրերը, որոնք նրանց տարեկան մոտ 2 միլիարդ դոլարի եկամուտ են բերում: Անցած դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մինչև 18 հազար արաբ մարտիկ լքել է այդ շրջանները։ Ֆինանսավորման հետ կապված լուրջ խնդիրների դեպքում այնտեղ կմնան միայն քրդական ուժերը, նշել են թերթի աղբյուրները։

Թրամփն ավելի վաղ ստորագրել էր գործադիր հրաման՝ վերագնահատելու և վերանայելու ԱՄՆ-ի արտաքին օգնությունը՝ կարգադրելով այն դադարեցնել 90 օրով։ Թուրքիան, իր հերթին, պարբերաբար մատնանշում է ԱՄՆ-ի կողմից PKK-ին ֆինանսական օգնության անթույլատրելիությունը՝ հայտարարելով, որ իրերի նման իրավիճակը հակասում է ՆԱՏՕ-ի երկու երկրների դաշինքի ոգուն, հատկապես, որ PKK-ն վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։