Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Բաքվի այս դատավարությունը հայերի՝ իմ, քո, նրա․․․ մեր բոլորի դատավարությունն է». Հրանուշ Խառատյան

88
Այսօր, 09:18
«Բաքվի այս դատավարությունը հայերի՝ իմ, քո, նրա․․․ մեր բոլորի դատավարությունն է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում դատում են հայերի, որոնց սոցիալական կարգավիճակը «գերի» բառով են ներկայացնում։ Բաքվի բանտերում հայ գերիների պակաս երբեք չի եղել, և ամենից ավելի հաճախ նրանք գերի են եղել հայ լինելու համար։ Ադրբեջանում առհասարակ, Բաքվում մասնավորապես հայ լինելն ինքնին հանցագործություն էր և է, և այդ «հանցանքը» պատժվել է տարբեր ձևերով։
Հակահայկական ռասիզմի վերջին պոռթկումը մոդելավորվեց Սումգայիթում 1988թ․, որտեղ հայերին պատժող մարդասպանների խմբերը իրենց հերթին մոդելավորեցին մարդկանց կտտանքներով սպանելու և բռնության այն ձևերը, որոնք նրանց ադրբեջանական հերոսներ դարձրին՝ ընթացիկ կյանքում լեգիտիմացնելով հանցագործների հերոսացումները։
Սումգայթից երկու տարի հետո, ուղիղ 35 տարի առաջ, 1990թ․ հունվար ամսին, երկու տարի շարունակ Բաքվի փողոցներում և հատկապես կենտրոնական հրապարակում Ադրբեջանի խորհրդային իշխանությունների կողմից հովանավորվող ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների՝ Ադրբեջանի ազգային ճակատի խմբերի կողմից խմբերգով մթնոլորտը խտացրած «մահ հայերին» վանկարկումները և միմյանց հաջորդող սպանությունները վերաճեցին ծրագրային գործողությունների։ Սումգայիթի հայկական ջարդերին հաջորդած երկու տարիների անպատիժ սպանություններն ու թալանը, հայերի դիմադրության բացակայության ակնհայտությունը, Ադրբեջանի իշխանությունների բարյացկամությամբ, սպանվողների արյամբ արբեցած և հայերի գույքով հարստանալու արդեն բոլորովին բացահայտ ծրագրերը, հայատյացության խորապես արմատացած մթնոլորտը և, հատկապես, դաժանության ու արյան մոլուցքի խտացած կրքերին հագուրդ տալու անզուսպ պահանջը 1990թ․ հունվարին պայթեցրին Բաքվի հայերի բացահայտ ջարդերը։ Ազգային ճակատը փակել էր Բաքվից դուրս գալու հայերի բոլոր հնարավորությունները և անցել ուղղակի գռեհիկ ջարդերի․ 2007թ. հունվարի 13-ին, Բաքվի հայկական սարսափելի ջարդերի սկզբից ուղիղ 17 տարի հետո, Ն.Ռիժկովը գրում է. «Մարդիկ զոհվում էին, Բաքուն համակվել էր արտասովոր դաժանությամբ… Սկսեցին լուրեր գալ մարդկանց նկատմամբ անհավատալի բռնությունների մասին: Իր իրերը գնացքով ուղարկելու նպատակով պահասենյակում տեղավորող մի հայի փակել էին պահասենյակում և կենդանի այրել: Հինգերորդ հարկի պատուհանից նախ կնոջ աչքի առաջ դուրս էին նետել ամուսնուն, ապա՝ կնոջը…»[Գոլոս Արմենիի, 2007, հունվարի 13]: Մարդիկ փախչել անգամ չէին կարող՝ ագրեսիայի այդ «խրախճանքի» ընթացքում Ադրբեջանում հայերի համար փակվել էին ելքի բոլոր դռները՝ գնացքները, օդանավակայանը, ավտոմոբիլային ճանապարհները, նավահանգիստը, մի խոսքով՝ Ադրբեջանից փախչելու բոլոր հնարավոր ուղիները: Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանություններն «անկարող եղան զսպել» այս խրախճանքը, հատկապես, որ 1990թ․ հունվարի 15-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհդրի նախագահությունը Գորբաչովի գլխավորությամբ որոշում ընդունեց ․․․ արտակարգ դրություն հայտարարել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում․․․(Указ Президиума Верховного Совета СССР от 15 января 1990 г. N 1060-I "Об объявлении чрезвычайного положения в Нагорно-Карабахской автономной области и некоторых других районах". Անհավատալի թվացող այս որոշումը, որը 6 հոդվածներով սահմանափակում էր Բաքվում տեղի ունեցող հակահայկական ռասիզմի բռնությունների մասին տեղեկությունների տարածումը, քննարկումները և առհասարակ դրա մասին խոսելը, դեռ երկար կքննարկվի պատմաբանների ու քաղաքագետների կողմից, բայց տվյալ դեպքում առավել կարևորն այն է, որ այն մի կողմից Բաքու քաղաքում լիովին ազատություն տվեց հրոսակներին վայելելու հայասպանության բերկրանքը, մյուս կողմից Ադրբեջանական ՕՄՕՆ-ին հնարավորություն տվեց արտակարգ իրավիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղում Կիրովաբադի և Շուշիի բանտերը նետել բազմաթիվ հայերի, քանի որ այստեղ բնակիչներին արգելվում էր առանց կոմենդանտի հատուկ թույլտվության հայտնվել նույնիսկ փողոցներում, հասարակական վայրերում։
Մինչև այսօր ոչ ոք չի կարող ասել, թե այդ հունվար ամսին Բաքվում որքան հայ է սպանվել, այրվել, բռնաբարվել, հաշմվել․․․Իզուր կլինի, հավանաբար, Բաքվի արխիվներում փնտրել սպանված կամ բռնությունների, թալանի ենթարկված հայերի թիվը 1988-1990թթ. ընթացքում: Սպանվածների դիակները հարազատներին չէին տալիս, մինչև նրանք չստորագրեին առողջապահական հիմնարկների փաստաղթերի տակ՝ «մահացել է բնական մահով»։ «Հասարակությունը, հատկապես Անդրկովկասում, անտարբեր էր տեղի ունեցողին կամ ակնհայտ պաշտպանում էր զինյալներին»,- գրում է այն տարիներին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը (Голос Армении, 2007, հունվարի 18)։
Ոչ մի, նույնիսկ կեղծ դատավարություն տեղի չի ունեցել։ Ոչ մի հերոսացած ռասիստ, ովքեր հայերին կտտանքներով սպանելով՝ տիրել են նաև նրանց գույքին, ապրում են նրանց բնակարաններում, տներում, որևէ պատիժ չեն ստացել։ Եվ հիմա այս երջանիկ ռասիստ մարդասպանները ուղիղ 35 տարի անց, խորհրդանշական հունվար ամսին, դատում են Բաքվի բանտում հայտնված գերի հայերին։
Բաքվի բանտերում հայտնված հայերի, այդ թվում երեխաների կտտանքների մասին տես Доклад организации "Врачи за права человека" (Великобритания) o похищениях и пытках этнических армян Опубликовано: Ноябрь 24, 2015;
Բաքվի այս դատավարությունը հայերի՝ իմ, քո, նրա․․․ այսինքն մեր բոլորի դատավարությունն է։
Վաղը լինելու է ռուսների, հրեաների, լեզգիների, թալիշների, ուդիների․․․ դատավարությունը։
Ադրբեջանական իրավունքը նորանոր սահմաններ է ուրվագծում և․․․ ոչինչ, «միջազգային իրավունքը» կարծեք թե համաձայն է դրան»:

Աղբյուրը`   Հրանուշ Խառատյան