Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական առածն ասում է՝ մի գիժ քարը գլորում է ձորը, հազար խելոք գլուխ գլխի տված՝ չեն կարողանում հանել։ Սա նման է ֆեյսբուքի հայկական տիրույթին։ Օրական մի անհեթեթ «փառապանծ» պատմագիտական նյութ է բերում լրահոսը։ Բնականաբար՝ միայն սնափառություն հարուցող, Ես-ը շոյող, բայց՝ հեռու իսկությունից։ Եվ այն տարածվում է կայծակնային արագությամբ՝ մարդկանց միտքը ապականելով կեղծիքով։ Մինչդեռ, մենք պատմության մեջ այնքան նվաճումներ ունենք, որ իսկապես կարիք չկա նոր հեծանիվ հորինելու։ Մյուս կողմից, մեր իրական պատմական աշխարհիկ ձեռքբերումների մասին ինչ էլ գրես՝ լուռ, անարձագանք, անհետևանք է մնում։ Բայց այ, բավական է, որ մի եկեղեցու կամ խաչքարի լուսանկար հրատարակես՝ հարյուրավոր Ամեն-ներ․․․ Կրոնամոլուցքով տարված հանրույթն ի զորու չէ գնահատել ազգայինը։ Դեպք պատմեմ․ Արևմտյան Հայաստան խումբ էի ուղեկցել, մոտ 40 հոգի։ Կարսում էինք։ Հնամենի մեր մայրաքաղաքի տարածքում բոլորն ուրախ, զվարթ շրջում էին, վատ չզգալով, որ մեր հայրենիքում տուրիստ ենք։ Բարձրացանք բերդը։ Որևէ մեկը վատ չզգաց, որ պետականության խորհրդանիշ բերդի վրա թուրքական դրոշն է ծածանվում, Աթաթուրքի նկարն է դրված։ Բայց երբ իջանք մզկիթի վերածված Առաքելոց եկեղեցին՝ մեկեն բոլորը այլայլվեցին, հայհոյեցին, թե ինչո՞ւ է մեր եկեղեցու գլխին կիսալուսինը։ Ա՛յս ենք։ Եվ ներկայացրածս ուղիղ կապ ունի հայության էթնոմտածողության հետ։ Մենք կրոնական համայնք ենք․ ազգ չենք, անգամ՝ ժողովուրդ չենք։ Մոտ 50 հազար հավանում և հետևորդ ունեցող էջում հեռախոսով նկարած Լմբատավանքի կես րոպեանոց տեսահոլովակ եմ տեղադրել։ Հարյուրավոր հավանումներ, տասնյակ կիսումներ։ Նույն էջում, նույն օրը Անի մայրաքաղաքի մասին դրոնից տեսանկարած հոլովակը մի քանի հավանում ունի։ Հայաստանի բնության սիրուն տեսարաններով լուսանկարներ եմ տեղադրում, գրեթե զրո արձագանք, բայց երբ խաչ ու եկեղեցի․․․ Սա մեր էթնոմտածողության արտացոլանքն է։ մենք չենք սիրում հայրենիքը, մենք սիրում ենք միայն կրոնը։ Հայը դա կրոնական համայնք է»։