Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Ով աշխարհաքաղաքականություն է կառուցում որևէ մեկի հանդեպ վստահության վրա, միշտ մնում է դրա փլատակների տակ»․ Հակոբ Բադալյան

120
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 22:42
«Ով աշխարհաքաղաքականություն է կառուցում որևէ մեկի հանդեպ վստահության վրա, միշտ մնում է դրա փլատակների տակ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայի իրադարձությունների առիթով արվում է հետևյալ բարձրաձայն եզրահագումը. Սիրիան ցույց տվեց, որ Էրդողանին չի կարելի վստահել:

Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք:

Իսկ, եթե Սիրիան ցույց չտար, կարելի՞ էր վստահել: Իսկ ո՞ւմ է կարելի վստահել: Օրինակ, Մակրոնին կամ Շոլցին, Պուտինին կամ Մոդիին, Տրամպին կամ Սի Ցզինպինին, կարելի է՞ վստահել:

Ո՞ր գերտերության նախագահին է կարելի վստահել, կամ գերտերությանն ընդհանրապես: Կա՞ գերտերություն, որը չունի իր որևէ դաշնակցի հաշվին գործարքի գնալու պատմություն, մեկն իհարկե շատ, մյուսը՝ քիչ: Ընդ որում, շատն ու քիչն էլ ոչ թե գործարքի գնացողի առաքինության արդյունք է, այլ ընդամենը՝ հնարավորությունների:

Որքան քիչ են լինում հնարավորությունները, այդքան շատ՝ դաշնակիցների հաշվին գործարքի գնալու կարիքները:

Իսկ Սիրիան ի՞նչ ցույց տվեց՝ Ռուսաստանին ու Իրանին կարելի է՞ վստահել: Հարցրեք Ասադին, օրինակ: Մյուս կողմից, եթե Ռուսաստանն ու Իրանն են Ասադին պահել, հո չե՞ն արել բարեգործություն, լավության համար հո չե՞ն արել: Արել են իրենց համար: Իրենց համար պահել են, իրենց համար էլ կհանձնեն:

Կրկնեմ, բոլորը: Հետևաբար զարմանալի է, որ Էրդողանի անվստահելիության մասին խոսում են մարդիկ, խմբեր, այդ թվում շատ հարգարժան, որոնք կարող են պնդել, օրինակ, որ միայն Իրանն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Բա դա վստահելի՞ է: Սիրիան այդ առումով ի՞նչ ցույց տվեց, դրա մասին ասելու ի՞նչ կա:

Հարգելի՛ ընկերներ ու հետևորդներ, աշխարհաքաղաքականությունը չի կառուցվում վստահության վրա: Նա, ով աշխարհաքաղաքականություն է կառուցում որևէ մեկի հանդեպ վստահության վրա, միշտ մնում է դրա փլատակների տակ՝ կրկնեմ, որևէ մեկի հանդեպ վստահության վրա:

Թող չհնչի տարօրինակ, բայց կենսունակության հիմքը «անվստահությունն» է, կասկածը բոլորի հանդեպ, որ կարող են «մոռանալ», «ուշանալ», «հապաղել», «հանձնել», և այլն, և այլն: Որևէ մեկը քեզ հետ գործընկեր չի լինում լոկ այն պատճառով, որ վստահում ես իրեն: Գործընկեր լինում են, երբ առաջանում է շահերի ընդհանրություն, իսկ վստահում ես, թե ոչ՝ դիմացինին այդքան էլ չի հետաքրքրում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան