«Հայաստանի ՊՆ ղեկավարի այցը պատմական է»․ ԱՄՆ պաշտպանության քարտուղար
118
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 09:30
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեկտեմբերի 5-ին հանդիպել եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։ Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար՝ մանրամասներ եմ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք ուղղված են ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործմանը, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն: ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը պատմական է»։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր: Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»: