Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.

«Իշխանության պատասխանատու ներկայացուցիչների հետ բանավեճից չեմ խուսափում»․ Պարույր Հայրիկյան

42
Այսօր, 14:12
«Իշխանության պատասխանատու ներկայացուցիչների հետ բանավեճից չեմ խուսափում»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Իշխանության պատասխանատու ներկայացուցիչների հետ բանավեճից չեմ խուսափում։ Ինձ այդպիսի ցածրորակ վախեր մի վերագրեք, իսկ իրենց մասին թող իրենք խոսեն»։

Ավելի վաղ Հայրիկյանը նաև հայտարարություն-ահազանգ էր տարածել իր էջում՝ հետևյալ բովանդակությամբ․ «Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական-քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը:
1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության և միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետևանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական թելադրանքի դաշտում:
Համակերպվել այս ազգադավ գործողությունների տրամաբանությանը՝ կնշանակի, ոչ միայն հրաժարվել պետական ինքնիշխանությունից, այլև բնականոն համարել հետագա սերունդների ազգային ինքնության կորուստը և անխուսափելի ուծացումը։
Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման և օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիներին պարտադրվում է մոռանալ արդարության և ճշմարտության կարեւորության մասին և ապրել միջազգային իրավունքով արգելված պատերազմի սպառնալիքի մթնոլորտում։ Խաղաղության երաշխիք կարող է լինել արդարությունը՝ այն բարձրագույն արժեք համարող միջազգային հանրության հետ հարաբերությունների սերտացմամբ, և երբեք՝ միակողմանի զիջումների՝ պարտվողականության քաղաքականությունը:
Մենք գործ ունենք պետական հեղաշրջանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ, ինչը ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետական, քաղաքական և հանրային կառույցներին պարտավորեցնում է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների ի մի գալ և կանխել Հայաստանում 1921թ․ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի թելադրած իրավիճակի վերականգնումն ու «օրինականացումը»»։