«Չի կարելի բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի և զրպարտել հերոսներին»․ Արտակ Զաքարյան
62
Երեկ, 18:54
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ասում է՝ բանակը պետք չէ «սրբագործել»: Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով: Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց: Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին: Չի կարելի Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների: Չի կարելի պատասխանատու զինվորական պաշտոններում սխալ նշանակումներ անել: Չի կարելի բավարար չափով զինված ու իր մարտական խնդիրները կատարող բանակը դարձնել սեփական պարտության ու քավության նոխազի: Չի կարելի փողոցից դեպի ԱԺ ամբիոն հայտնված ինչ-որ մեկի մայկա-տռուսիկն ու ինչ-որ մեկի կիլկիով բորշը դարձնել հաղթանակած Բանակի մարտունակության չափորոշիչ: Չի կարելի զոհված զինվորի ծնողին խայտառակ ձևով հեռացնել նրա որդու շիրիմն ամփոփող Եռաբլուր-պանթեոնից: Չի կարելի Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից (չհաշված 44 օր անընդհատ կիրառված զինամթերքն ու խփված տեխնիկան): Եվ բազում այսպիսի չիկարելիներ՝ ուղղված կապիտուլյացիա ստորագրած քաղաքական խմբավորմանը: Եվ վերջապես հիշեք, որ աշխահի բոլոր բանակները վճռական ճակատամարտերում հաղթել են, երբ ունեցել են իրենց արժանի, իմաստուն գերագույն գլխավոր հրամանատարներ, և պարտվել են այդ հրամանատարների բացակայության պայմաններում: Հ.Գ. Ի դեպ, չի կարելի նաև թույլ տալ, որ ՊՊԾ աշխատակիցները ՀՀ ԱԺ-ում կոպիտ կերպով միջամտեն և խոչընդոտեն լրագրողին՝ հարց տալ նորանշանակ նախարարին»: