«Պատահականորեն փրկվել է ականավոր պատմաբան ու հնագետ Գևորգ Տիրացյանի արխիվը». Հայկ Դեմոյան
145
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 22:36
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վտանգված ժառանգություն և հիշողություն Լուսանկարում օրեր առաջ փրկված՝ ականավոր պատմաբան ու հնագետ Գևորգ Տիրացյանի՝ շուրջ 500 միավորից բաղկացած լուսանկարչական արխիվն է: Այն փրկվեց շատ պատահականորեն, երբ ինչ որ մեկը որոշել էր ազատվել հիշողության այդ «բեռից» և ողջ լուսանկարչական արխիվը նետել էր հարակից աղբարկղ: Երջանիկ պատահականությամբ այդ նույն աղբարկղը քրքրող անօթևան մեկը, տեսնելով այս լուսանկարները, որոշում է այն իրացնել «Վերնիսաժ»-ում, որտեղից ծանոթ հնավաճառներն առաջինը կապվեցին ինձ հետ: Պատահական դիպվածի արդյունքում այս լուսանկարները չեն հայտնվում Նուբարաշենի աղբանոցում: Լուսանկարներում առկա են նաև պեղման աշխատանքների ու պեղածո իրերի բազմաթիվ լուսանկարներ: Լուսանկարները նվիրատվության կարգով հանձնել եմ Հայաստանի պատմության թանգարանին: Որոշ կրկնօրինակներ կհանձնվեն ՀՀ ԳԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտին: Ցավոք, ականավոր պատմաբան-հնագետի նամականին չհաջողվեց փրկել, քանի որ այն արդեն ոչնչացվել էր: Խնդիրը չափազանց լուրջ է և առաջին հերթին վերաբերում է մեր հիշողության ու մշակութային ժառանգության հանդեպ անհատական մակարդակից մինչև գերատեսչականը եղած կրավորական ու մերժողական կեցվածքին: Մշակութային քաղաքականությունը սեփական վիճելի ձևակերպումներով աշխարհայացքը պարտադրելը չէ, ոչ էլ քաղաքական ժամանակավրեպ օրակարգերին ծառայեցնելը: Հայկական մշակույթի ու մշակութային ժառանգության մարգինալացման ու ամբոխահաճո միջոցառումների կազմակերպման փոխարեն արժեր մշակել իրական քաղաքականություն այս ու նմանատիպ նախճիրներից ապահովագրվելու համար: Մինչդեռ ԿԳՄՍ-ն զբաղված է ֆեստիվառների ու անճաշակ միջոցառումների կազմակերպմամբ՝ պետական բյուջեի միջոցները մսխելով տարբեր տրամաչափի հաջողակ ժուլիկների ատկատային գաղափարներն իրականացնելով: Սա մերօրյա ողբերգության մեկ այլ դրսևորում է, որտեղ առաջնայինը սեփական բյուջեն հեշտ ու արագ, սակայն օրինականին մոտ ձևակերպումներով հարստացնելն է: Բեմեր տեղադրելն ու քանդելը, հրավառություններով Երևանի շենքերը վթարային դարձնելը այլևս կարելի է համարել հայկական մշակութային քաղաքականությունը ներկայացնող սպորտաձև: Այս կեղծ թոզփչոցին նոր չէ, այն վաղուց մշակված կոռուպցիոն սխեմա է իր բոլոր բաղադրիչներով, որը գնալով ավելի ու ավելի է զարգանում իրական մշակութային քաղաքականության փոխարեն: Ո՞վ է Գևորգ Տիրացյանը 1940-ականներին ընտանիքի հետ Ռումինիայից հայրենադարձվելով, Գ. Տիրացյանը 1952 թ. ընդունվում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Բորիս Պիոտրովսկին։ Գ. Տիրացյանը Կարմիր բլուրի և Գառնիի հնագիտական արշավախմբերի անդամ է եղել: Նրա հետազոտությունների անկյունաքարն են դարձել հին Հայաստանի մայրաքաղաք Արմավիրի պեղումները, որոնց վերաբերյալ պատմաբանը հրատարակել է շուրջ քառասուն գիտական աշխատություններ։ 1957 թ. Գևորգ Տիրացյանին շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի պեղումներին նվիրված ատենախոսության համար։ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959 թվական) մինչև իր կյանքի վերջը Գևորգ Տիրացյանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում՝ որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), ապա տնօրեն (1988-1993)»։