Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների` ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները
1566
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 21:48
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները: Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ: Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով՝ 1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը՝ շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ: 2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում՝ շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը: 3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան: 4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը: Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն): 5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը՝ բարձրագույն իշխանության հովանավորչությանբ: 6. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները: Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար»: