Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հրապարակվել են ՍԴ դատավորների հատուկ կարծիքները

64
Այսօր, 14:48
Հրապարակվել են ՍԴ դատավորների հատուկ կարծիքները

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Երեկ ՍԴ պաշտոնական կայքէջում հրապարակվել էր

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, որտեղ որպես հետգրություն ասված է․ «Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը: Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,- ասված է Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքի մեջ:

Այսօր հրապարակվել է նաև ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը, որտեղ որպես ամփոփ վերջաբան գրված է․ «Սահմանափակելով մեր հատուկ կարծիքը, չենք կարող
բավարար չափով երախտապարտ լինել ՍԴՈ-1749 որոշմամբ
Սահմանադրության և Հռչակագրի հարաբերակցության առնչությամբ համախոհություն արտահայտած մեր այն դատավոր գործընկերներին՝ համախոհության համար, որոնք՝
ա) բացառել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան
Սահմանադրի իրավազորության շրջանակը սահմանափակելու իրավական հնարավորությունը՝ վերջինիս կամաարտահայտության բացակայության պայմաններում, Սահմանադրության անփոփոխ դրույթների (նախաբանում՝ սկզբունքների և նպատակների) ցանկը
Սահմանադրական դատարանի հայեցողությամբ ավելացնելու միջոցով, և
բ) արդյունքում՝ արմատապես մերժել են Սահմանադրության
գերակայության ապահովման միջոցով Սահմանադրի կամքի
գերակայության իրենց առաքելությունը ձևախեղելու՝ Սահմանադրին Սահմանադրական դատարանի կամքը թելադրելու հետևանքը.
գ) ընդգծված հարգանքով պաշտպանել են Սահմանադրության բովանդակային ծավալում որևէ՝ «հայոց պետականության հիմնարար սկզբունքի կամ համազգային նպատակի» ընտրության հարցի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի լուծման բացառիկ
իրավազորության սահմանները»: