Հասարակական գործիչ, անազատության մեջ գտնվող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև կարիճը սատկեց Lo scopion nero è morto (պատմվածք՝ բանտից) Մելիքյան Ռուբենը դատական ամեն նիստից մեկ օր առաջ տեսակցում է ինձ: Ես, արդեն մեկ տարվա բանտարկության ընթացքում, Պավլովի շների պես պայմանական ռեֆլեքս եմ ձեռք բերել: Եթե վաղը դատական նիստ ունեմ, ուրեմն՝ այսօր գիշերը՝ 11-ին, բանտախցի դռան հետևից լսում եմ. – Մալյան, պատրաստվիր, փաստաբանն ա եկել: Դռան հետևից ձայն տվող հսկիչը չի տեսնում, որ ես արդեն կազմ-պատրաստ եմ: Ես էլ, պրոտոկոլը պահելու համար, ասում եմ. – 5 րոպեից պատրաստ կլինեմ: Ռուբոյի այցելության ուրախալի կողմերից մեկն այն է, որ հետը 10-20 հատ A4 ձևաչափի թղթեր է բերում ինձ, որպեսզի պատմվածք գրեմ: Ես էլ գրում եմ: Այդ օրն էլ, դատից առաջ՝ ճիշտ ժամը 23:00-ին, խցիս դուռը ծեծեցին: – Մալյան, փաստաբան… – Cinque minuti,– զուտ իմ ու հսկիչի միապաղաղ կյանքում որևէ փոփոխություն մտցնելու համար իտալերեն պատասխանում եմ ես: 5 րոպեից ինձ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ իջեցնում են երկու հարկ ներքև: – Grazie mille ragazzi,– իտալերեն շնորհակալություն եմ հայտնում հսկիչներին: Հսկիչները ժպտում են. արդեն սովորել են իմ գժություններին: – Ciao Signor Avvocato,– գոռում եմ ես՝ Մելիքյան Ռուբենին տեսնելով: Ռուբենը ժպտում է. նա վաղուց է սովոր իմ գժություններին: – Բա չիմացար՝ ինչ եղավ,– Ռուբենի դեմքն այլայլված է: – Ի՞նչ ա պատահել,– անհանգստանում եմ ես: – Արի՝ ցույց տամ,– Ռուբենը տեսակցությունների սենյակի դռան առջև գետնին ինչ-որ բան է ցույց տալիս: – էս ի՞նչ ա: – Սև կարիճ: Եվ իրոք, դռան դիմաց ընկած է սատկած սև կարիճ, որի խայթոցն, ասում են, մահացու է: – Քիչ մնաց՝ ինձ խայթեր, հսկիչները տեսան՝ սպանեցին, կարելի է ասել՝ կյանքս փրկեցին,– Ռուբոն մտահոգ էր: Իրոք, մտահոգիչ էր: Մի պահ ես էլ մտահոգվեցի: Բա որ, իրոք, խայթեր ինձ ու Ռուբոյին: – Գիտե՞ս, որ «Նեռ»-ը իտալերեն «Nero»-ն ա, նշանակում ա «սև», էս կարիճի պես,– ասացի ես: – Բա «կարիճ» ո՞նց կլինի իտալերեն,– հետաքրքրվեց Ռուբոն: – Էդ՝ չգիտեմ: Մի քիչ նստեցինք Ռուբոյի հետ, խոսեցինք կարիճներից: Ռուբոն մի պատմվածքի թուղթ նվիրեց ինձ ու գնաց: Գնալուց նորից բոլորս նայեցինք սատկած կարիճին՝ ես, Ռուբոն, հսկիչները… – Գնացի՞նք,– այս անգամ հայերեն ասացի հսկիչներին: – Գնացինք,– համաձայնեցին նրանք ու ինձ ուղեկցեցին իմ խուց: Խցի դռան մոտ հասկացա, որ Ռուբոյից այդպես էլ չիմացա՝ իմ դատական նիստից ինչ նորություն կամ սպասելիք կար: Կարևորը՝ սև կարիճը սատկեց, ուրեմն՝ շուտով ամեն ինչ կավարտվի… Prigioniero politico Նարեկ Մալյան»։