«Երևանում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի»․ Սոնա Աղեկյան
1463
Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 11:18
Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի գրառումը․ «Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի։ Բացի այն, որ երևանցուն զրկում են թթվածնից, ամռան տապին՝ ստվերից, ծառերը կտրում են նաև փնթի ու անգրագետ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Երևանում կանաչ տարածքները ավելացել են 19,1145 հա-ով, որից անտառապուրակ՝ 16,6 հա, սիզամարգ՝ 0,8991 հա, այգի՝ 1,05 հա, պուրակ՝ 0,5654 հա, Երևանում հիմնվել է շուրջ 1 հա գիհուտ, հիմնվել է բոլորովին նոր 2 այգի: Պատրաստվում են «Զեյթունի այգի» /Դրոյի-Պ․ Սևակի փողոցների խաչմերուկ/ այգու հիմնում 0.45 հա-ում՝ 41 արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներով: Հայտարարում են, որ պատրաստվում են նաև «Արագածի այգի»՝ բոլորովին նոր ու ժամանակակից այգու հիմնմանը 0.6 հա-ում՝ արժեքավոր և գեղազարդ 90 ծառատեսակներով, մշտադալար ծառաթփատեսակներով ու ծաղկանոցներով։ Հայտարարում են, որ ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 1695 հատ ծառ, 27674 հատ թուփ, որից 7305-ը՝ պատնեշային թփեր, 25893 վարդ, թե ովքե՞ր են տեսել այս ամենը, անհայտ է և որտե՞ղ են տնկվել ևս անհայտ է։ Ըստ Քաղաքապետարանի՝ տնկվել է 357871 հատ ծաղիկ։ Երևանի քաղաքապետարանի դիմաց հիմնվել է Երևանի գլխավոր ծաղկանոցը։ Հատվել է 1128 չոր և վթարային ծառ: Էտվել է 17289 ծառ: 2023թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ Քաղաքապետարանի տվյալները հետևյալն են․ 20 000 ծառ և թուփ, 2 300 ոռոգման համակարգի փական և ցնցուղ, 6 600մ «կենդանի» ցանկապատ, 11 000մ ոռոգման համակարգի գծային բաղադրիչ, 131 000մ2 կանաչապատ կամ կանաչապատման ենթակա տարածք: Սիրելի՛ երևանցի, ինքդ տեր եղի՛ր քո երեխայի թթվածին ունենալու, ստվերում խաղալու իրավունքին։ Քաղաքային իշխանությունը սևով սպիտակի վրա գրում է ու գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում, սակայն իրականությունը, որում ապրում ենք, տեսնում, արձանագրում փաստը՝ բոլորովին այլ է։ Վտանգավոր է առանց թթվածնի ապրելը բարեխառն ցամաքային կլիմայական գոտում, որտեղ օդի աղտոտվածությունը անցել է թույլատրելի շեմը, որտեղ Նուբարաշենի աղբավայրը զգալի ազդեցություն ունի օդի աղտոտվածության վրա, էլ չեմ ասում օրեցօր ավելացող մեքենաները, մասսայական ծառահատումները՝ Երևանը վերածում են անապատային և օդի հագեցված աղտոտվածությամբ գոտու։ Ի՞նչ եք կարծում, սիրտ-անոթային անբավարարություն ունեցող մեր քաղաքացիները ո՞նց են հաղթահարելու այս ամենը, թե՞ ամեն ինչ անում ենք մահացության դեպքերը ևս աննախադեպ քանակի հասցնելու համար... Երևանը մեր տունն է, մեր համայնքը, մեր երեխաների միջավայրը և անտարբեր լինելու ու լռելյայն այս սպանդի հետ համակերպվելու իրավունք չունենք»։