Ի՞նչ բույսեր են քրքումը, զաֆրանը, շաֆրանը և կրոկուսը
1614
Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 03:18
«Հայաստանի բույսեր» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ի՞նչ բույսեր են քրքումը, զաֆրանը, շաֆրանը և կրոկուսը: Միանգամից ասեմ, որ այս բոլորը, մեծ հաշվով, համարյա նույն բանն են: Զաֆրան (շաֆրան, Saffron) բառն արաբական ծագում ունի: Այդպես են անվանում բույսի մշակաբուսային տեսակը (Crocus sativus), այսինքն, այն տեսակը, որն ստացել են մարդիկ հատուկ եղանակով, որը բնության մեջ չի հանդիպում, և որի վարսանդն օգտագործվում է որպես համեմունք: Այս համեմունքի ամենամեծ արտահանողն Իրանն է: Կրոկուս անվանումը հունական ծագում ունի: Այն բնության մեջ հանդիպող վայրի բույսն է, որը չի օգտագործվում որպես համեմունք: Հայերեն «քրքում» անվանումը, թերևս գալիս է սանսկրիտի «kunkumam» բառից, որը ևս համեմունքի անվանում է: Բայց էստեղ մի շփոթություն կա. հավանաբար ու սխալմամբ «քրքում» անվանումը շփոթվել է հնդկական կուրկումայի հետ, որն աղացած վիճակում սաֆրանի փոշու նման դեղնավուն համեմունք է: Ինչևէ: Ուրեմն, զաֆրան, շաֆրան, սաֆրոն կոչվում է բույսի մշակաբուսային տեսակը, որը մեր սարերում և որևէ այլ տեղ վայրի վիճակում չի հանդիպում: Այն պետք է հատուկ աճեցնել: «Crocus» կոչվում է վայրի բույսի ցեղը տարբեր տեսակային անվանումներով, ինչպես, օրինակ Crocus adamii: Հայերեն քրքում (սխալ թե ճիշտ, կարևոր չէ, որովհետև դա է բույսի պաշտոնական անունը «Հայաստանի ֆլորայում») կոչվում է վայրի բույսը, որն աճում է մեր սարերում: Նկարում մեր տարածքում հանդիպող վայրի քրքումի երկու տեսակներն են. Քրքում ադամի և քրքում հրաշալի: Տարբերելը շատ հեշտ է: Ուղղակի պետք է հիշել, որ ադամի քրքումը ծաղկում է գարնանը, իսկ հրաշալի քրքումն՝ աշնանը»: