Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Նոր մանրամասներ՝ Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վրա հարձակումից

321
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 11:18
Նոր մանրամասներ՝ Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վրա հարձակումից

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վրա հարձակման վերաբերյալ․ «Զինված տղամարդը ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։
Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։
Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է չորս նռնակ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։