Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Քանի հայկականության ողնաշարը կոտրված չի, մեր պարտությունը ժամանակավոր ա, հաղթանակը մի օր հետ կբերենք». Մարինե Պետրոսյան

196
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 01:06
«Քանի հայկականության ողնաշարը կոտրված չի, մեր պարտությունը ժամանակավոր ա, հաղթանակը մի օր հետ կբերենք». Մարինե Պետրոսյան

Գրող Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված իր նոր «Արարատ սար» ստեղծագործությունից. «—Մարինե, դուք իսկապե՞ս հավատում եք, որ մի օր մենք նորից հաղթելու ենք, որ մի օր մենք նորից մեծ երկիր ենք լինելու։
— Այո, հավատում եմ։ Ես հավատում եմ մեր ուժին։ Որովհետև ես իրան մոտից եմ ծանոթ, ամենամոտից․
Երկներ երկին,
Երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի։
Էս իմ բանաստեղծությունների ռիթմն ա։ Հետադարձով եմ նկատել, որ նույնն ա, գիտակցաբար չեմ վերցրել, փոխանցվել ա։ Եվ դրանց միջի ուժն ա ինձ փոխանցվել։ Վահագնի ուժը։
Ես դպրոցական տարիքում աշխարհագրություն շատ էի սիրում, բայց էն ժամանակ Սովետի մեջ էինք, դուրս գնալը դժվար էր, աշխարհին քարտեզներով էի ծանոթ։ Հետո Սովետը քանդվեց, առաջին գիրքս էլ, ծնունդից ընդամենը երկու տարի անց, թարգմանաբար Ֆրանսիայում հրատարակվեց, հետո երկրորդ գիրքս թարգմանվեց դրսում հրատարակվեց, փառատոների, հանդիպումների հրավերներ ստացա, տենց աշխարհի դռները բացվեցին իմ առաջ, անթիվ անհամար երկրներում եղա, այցելություններիս քարտեզի վրա հիմա մենակ Աֆրիկայի և Ավստրալիայի կողմերն են պակասում։ Եվ աշխարհը տենց մանրամասն տեսնելուց հետո եմ պնդում․ մեր նման ամուր առանցք ունեցող ազգեր աշխարհում քիչ կան։
—Մարինե, դուք կարո՞ղ ա մոռացել եք՝ մենք պարտվել ենք, Արցախը հայաթափվել ա, Ալիևը չի կշտացել, ԱրևմտյանԱդրբեջան ԱրևմտյանԱդրբեջան ա գոռում, մեզ պարտության տարած Նիկոլ Փաշինյանը դեռ Հայաստանի վարչապետն ա, իսկ ընդդիմությունը կորել ա, իսկ ժողովուրդը լուռ ա։ Բա ձեր ասածների հետ էս ամեն ինչը բռնո՞ւմ ա։
—Հարգելի Պետրոս Մարինյան, դուք մի բան մոռացաք նշել․ Նիկոլը ոչ միայն մեզ պարտության ա տարել, Նիկոլը դրանից հետո նաև քարոզչական արշավ ա սկսել հայկականության հենասյուների դեմ։ Եվ էս արշավի թիկունքին նույն էն ուժը/նույն էն ուժերն են, որոնց պետք էր մեր պարտությունը։ Արշավը կազմակերպողները լավ գիտեն՝ քանի հայկականության ողնաշարը կոտրված չի, մեր պարտությունը ժամանակավոր ա, հաղթանակը մի օր հետ կբերենք։
—Մարինե, հետաքրքիր բառ օգտագործեցիք՝ հայկականություն։
—Որ ճիշտն ասեմ, նախօրոք չէի մտածել, ինքն իրան եկավ էդ բառը, ու հիմա տեսնում եմ՝ շատ լավ բառ ա, արտահայտում ա էն, ինչ ուզում էի ասել։
Մի բան եկավ միտքս, ուզում եմ պատմել։ Թուրքիայում էի, չեմ հիշում որ թիվն էր, նույնիսկ չեմ հիշում կոնկրետ որ կողմերում էինք, հանկարծ մի թուրք, ընդ որում հայերիս նկատմամբ բնավ ոչ ագրեսիվ տրամադրված մի թուրք, մեկ էլ հարցրեց․ «Ախր հայերդ էդ որ անընդհատ ասում եք՝ Արարատ Արարատ, ես լավ չեմ հասկանում, ի՞նչ կա ախր էդ սարի մեջ»։ Հիշում եմ որ անակնկալի եկա, չիմացա ինչ ասեմ, մի ձև ցրեցի խոսակցությունը և ըստ էության չպատասխանեցի։ Բայց էդ հարցը մինչև հիմա մեխված մնացել ա ուղեղիս մեջ, ու հաճախ, երբ դուրս եմ գալիս մեր պատշգամբ և Արարատը կանգնում ա դիմացս, ես թուրքի էդ հարցը հիշում եմ։
Իսկապես, ի՞նչ ա Արարատը։ Նախ ասեմ, որ հիմիկվա Թուրքիայի կողմից Արարատ սարը շատ ավելի ցածր ա երևում քան Երևանի կողմից, և էդ իմաստով՝ անհամեմատ պակաս տպավորիչ ա։ Բայց կարծում եմ հիմնական պատճառը էդ չէր, որ թուրքը չէր հասկանում՝ ինչ ա Արարատը։
Ես մեկ րոպե առաջ մեր խոհանոցի դուռը վերև հրեցի բացեցի, դուրս եկա պատշգամբ, հիմա նայում եմ Արարատ սարին։ Արարատ, դու ի՞նչ ես։
Մեր խոհանոցի դուռը առանց վերև հրելու արդեն չի բացվում-փակվում, ծռվել ա։ Հին դուռ ա, ինչ մեր ընտանիքը Սովետի ժամանակներում պետությունից էս մեր բնակարանը ստացավ, էդ դուռը կա։ Վերև հրելով դուռ բացել-փակելը տհաճ և առողջության համար վնասակար բան ա, պետք ա սարքեմ, իսկ հիմիկվա վարպետները սենց դռներ էլ չեն սարքում, ասում են նորը դնենք՝ եվրոռեմոնտ։ Բայց եթե նոր տիպի դուռ դնեմ, պետք ա հետը կողքի պատուհանն էլ փոխեմ, և էլի ուրիշ բաներ։ Մի խոսքով՝ գլխացավանք ա։ Հայաստանում, կենցաղային իմաստով, սենց լիքը գլխացավանքներ կան։ Եթե ինձ համար կյանքի կենցաղային կողմը լիներ գլխավորը, ես վաղուց Հայաստանից հեռացել էի։ Բայց չեմ հեռանում։ Ինչո՞ւ։ Որովհետև Արարատը կա։
Կենցաղը լավ ապրելն ա։ Համով բաներ ես ուտում, սիրուն բաներ ես հագնում, և այլն և այլն։ Բայց դրանք բոլորը մի օր վերջանում են և դու մեռնում ես։ Կենցաղը վերջավորն ա։ Իսկ եթե քեզ համար կա մի բան, որն ավելի կարևոր ա քան կենցաղը, դու կարող ա մեռնես բայց չմեռնես։ Ոնց որ Միսաք Մանուշյանը։ Իրան գնդակահարեցին երեսունութ տարեկանում, բայց ինքը կենդանի ա։ Մի քանի օր առաջ ամբողջ Ֆրանսիան վկայում էր, որ Միսաք Մանուշյանը ոչ թե մահացել ա, այլ անմահացել։ Միսաքը հայ էր, բայց Ֆրանսիայի համար ա անմահացել։
Ես հավատում եմ՝ կգա մի օր, երբ Հայաստանն էնքան կարևոր երկիր կլինի, որ ֆրանսիացին կգա և կանմահանա Հայաստանի համար։ Եվ իրան մենք կթաղենք մեր պանթեոնում, իսկ Ֆրանսիայի ղեկավարին կհրավիրենք՝ որպես արարողության պատվավոր հյուր։ Էդ օրը շուտ չի գա, գիտեմ, էնքան շուտ չի գա որ ես տեսնեմ։ Բայց ես գիտեմ որ էդ օրը, վաղ թե ուշ, կգա։
—Արարատ սար, երբ էդ օրը գա, դու ինձ լուր կուղարկես, չէ՞։
Հա,—ասում ա Արարատ սարը։ Ու ես իրան հավատում եմ։ Ինքը անմահությունն ա»։

Աղբյուրը`   Մարինե Պետրոսյան