Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է 18 օր հացադուլ հայտարարած` անհայտ կորած զինծառայող Հենրիխ Մուրադյանի հորեղբոր հետ

429
Կիրակի, 03 դեկտեմբերի, 2023 թ., 00:00
Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է 18 օր հացադուլ հայտարարած` անհայտ կորած զինծառայող Հենրիխ Մուրադյանի հորեղբոր հետ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիպել եմ շուրջ 18 օր հացադուլ հայտարարած անհայտ կորած զինծառայող Մուրադյան Հենրիխի հորեղբայր Գոռ Մուրադյանի հետ:
Քննարկել ենք պարոն Մուրադյանի՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառները, պահանջները, որոնք բարձրաձայնում են, ինչպես նաև խնդիրների լուծումները և պարոն Մուրադյանի հացադուլից դուրս գալու հնարավոր պայմանները։
Պարոն Մուրադյանին հավաստիացրել եմ, որ իր բարձրացրած խնդիրները կբարձրաձայնեմ համապատասխան հասցեատերերին:
Ըստ այդմ, բարձրաձայնում եմ հետևյալը՝
44-օրյա պատերազմից հետո մինչ այս պահն, իմ ունեցած տեղեկությունով ունենք 175 հոգի զինվորական և 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած անձ, որոնցից 88 հոգին ունեն ԴՆԹ-նույնականացման համընկնում, սակայն նրանց հարազատները հրաժարվում են այն ընդունել:
Այս ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործընթացն ընթացել է բազմաթիվ խնդիրներով, ինչի պատճառով անհայտ կորածների հարազատները բազմիցս իրենց բողոքն են բարձրաձայնել: Այս ընթացքում նաև, իմ ունեցած տեղեկություննով, անճշտությունների պատճառով տեղի է ունեցել 6 արտաշիրիմում՝ տվյալների ճշգրտման նպատակով:
Այս պատճառով, 2022 թ հոկտեմբերի 20-ին ՀՀ Վարչապետը ընդունել է ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ) ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ թիվ N 1236-Ա որոշումը, որը միտված էր ստեղծված խնդիրները լուծելու համար:
Սակայն փաստն այն է, որ գրեթե 1 տարվա աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը չի կարողացել լուծել նախորդ երկու տարվա ընթացքում կուտակված խնդիրները և անճշտությունները:
Խոչընդոտների պատճառներն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ։ Օրինակ՝ «բյուրոկրատական սարդոստայնը», որոնք, ըստ էության, արգելում են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀԿ-ների ներկայացուցիչներին որոնողական աշխատանքները արդյունավետ շարունակելու համար ծանոթանալ կարևոր տեղեկություն հանդիսացող նախաքննական գաղտնիքին և անձնական տվյալներին: Ինչը, փաստացի, խոչընդոտում է առավել ամփոփիչ տեղեկատվություն տիրապետող հկ-ների ներկայացուցիչերին քրեական գործերի շրջանակներում եղած տեղեկատվությունը համատեղել իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվության հետ, որը հնարավորություն կտար ամփոփ տեղեկատվություն ստանալ անհատապես յուրաքանչյուր անհայտ կորածի մասով:
Այդ առումով հասկանալի չէ ՀՀ քննչական կոմիտեի ոչ նախաձեռնողական դիրքորոշումը, որը թույլ չի տալիս հաղթահարել ստեղծված խնդիրները՝ դրանք գցելով բացառապես օրենքի արգելքի դաշտ:
Այս ամենի պատճառով ստեղծվել է լրջագույն անվստահության մթնոլորտ: Այս անվստահությունը հաղթաղարելու նպատակով՝
Դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր պարոն Աբազյանին՝ հարգելի պարոն Աբազյան, խնդրում եմ աշխատանքային կարգով քննարկել վերոնշյալ խոչընդոտների հաղթահարման հնարավոր և անհնարին համարվող մեխանիզմները:
Դիմում եմ ՀՀ Վարչապետին՝
Մեծարգո՛ Վարչապետ, խնդրում եմ վերանայել Ձեր թիվ N 1236-Ա որոշումը, և միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հնարավորություն տալ ներգրավվելու նաև ՀՀ ԱԺ պատգամավորներին, քանզի ցանկություն ունեմ աշխատանքների վերահսկողության և արդյունավետությունը բարձրացնելու համար ներգրավվելու սույն հանձնաժողովի աշխատանքներում»:

Աղբյուրը`   Վիլեն Գաբրիելյան