Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Հերթական խոշոր պարտքերը, որ կառավարությունը պատրաստվում է վերցնել արդեն հաջորդ տարի

198
Երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2023 թ., 00:36
Հերթական խոշոր պարտքերը, որ կառավարությունը պատրաստվում է վերցնել արդեն հաջորդ տարի

Մինչև իշխանության գալը կտրականապես դեմ լինելով պարտքերին կամ գոնե այդպես ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո անշեղորեն ավելացրել է Հայաստանի պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանության ժամանակ պետական պարտքն այդպիսի արագացված տեմպով չի աճել, ինչպես վերջին հինգ տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Միջինը տարեկան գրեթե 1 մլրդ դոլարով պարտք են ավելացրել։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը հասել է շուրջ 11,4 մլրդ դոլարի։
Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կազմում էր 6,7 մլրդ դոլար։

Հինգ տարին չբոլորած՝ 4,7 մլրդ դոլարի պարտքեր են կուտակել։

Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, ու պարտքերի կուտակումը կշարունակվի։

Բայց դրանով էլ չեն պատրաստվում բավարարվել։ Հաջորդ տարի էլ պետական պարտքը կավելացնեն ոչ պակաս արագացված տեմպերով, ինչպես վերջին տարիներին։

2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կառավարության կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին, դրամով արտահայտված, պետական պարտքը կկազմի 4,660 մլրդ դրամ։ Հիմա 4,395 միլիարդ է։

Այսինքն՝ սպասվում է, որ մինչև տարեվերջ դեռ 265 մլրդ դրամով կավելանա, գրում է «168.am»-ը։

Արդեն հաջորդ տարվա վերջին, ըստ կառավարության կանխատեսումների, պարտքը կկազմի 5,318 մլրդ դրամ։

Եթե իրականանան կառավարության այս կանխատեսումները, ապա հաջորդ տարի, դրամով արտահայտված, պարտքը կավելանա 658 մլրդ դրամով՝ հիմնականում կառավարության պարտավորությունների գծով. 658 միլիարդից 644 միլիարդը կլինի կառավարության բաժին պարտքի ավելացումը։

Չոր հաշվարկով, գործող փոխարժեքով պարտքի 658 մլրդ դրամ աճը համարժեք է 1,6 մլրդ դոլարի։

Բայց քանի որ գործ ունենք և՛ տարադրամային, և՛ դրամային պարտքի ավելացման հետ, այնքան էլ միանշանակ չէ պնդել, որ պարտքը հենց այդքանով կավելանա։

Դոլարային արտահայտությամբ գուցե պարտքը 1,6 միլիարդով չավելանա, սակայն աճը հաստատ կրկին 1 մլրդ դոլարից պակաս չի լինի։

Կառավարության կանխատեսումներով, հաջորդ տարի ևս շուրջ 1 մլրդ դոլարով կաճեն իրենց բաժին պարտքային պարտավորությունները։ Այս տարվա վերջին դրանք ընդհուպ կմոտենան 11 մլրդ դոլարի սահմանին և կկազմեն 10 մլրդ 900 մլն դոլար։ Արդեն հաջորդ տարի կանցնեն 11 միլիարդը։

Կանխատեսվում է, որ 2024թ. վերջին կառավարության պարտքը, որի սպասարկումն ամբողջությամբ նստած է պետական բյուջեի վրա, կհասնի 11 մլրդ 891 մլն դոլարի։

Կմեծանա կառավարության՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի բեռը։

Պարտքերի ավելացման այս ագրեսիվ մրցավազքի մեջ պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպիսի՞ն է լինելու պարտքերի սպասարկումը, և ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ տարի։

2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները) կկազմեն ՀՆԱ 3,1 տոկոսը։

Անվանական արտահայտությամբ, այն համարժեք կլինի ավելի քան 322 մլրդ դրամի։

Այդքան գումար կվճարենք՝ պարտքը սպասարկելու համար։ Այն կկազմի պետական բյուջեի հաջորդ տարվա համար սպասվող եկամուտների ավելի քան 12,5 տոկոսը։

Սպասվում է, որ բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ, որից 322 միլիարդը կգնա կառավարության վերցրած պարտքերի մարմանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: