Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Միասին» շարժումը դիմում է ՌԴ դեսպանին

187
Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 19:06
«Միասին» շարժումը դիմում է ՌԴ դեսպանին

«Միասին» շարժման ուղերձը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին․

«ՀՀ-ում Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ս․Պ․ Կոպիրկինին․

Հարգելի՛ պարոն դեսպան,

«Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։

Չնայած ռուսական կողմի ջանքերին Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու բազմաթիվ կոչերի և Լաչինի միջանցքը իր հինգ կիլոմետր լայնությամբ ազատելու , 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ռուսական կողմի և միջազգային կազմակերպությունների դիմումները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայկական սփյուռքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը բազմիցս ներկայացված է բազմաթիվ հայտարարություններով, «կլոր սեղանների» շուրջ, զանգվածային հավաքներում, որոնք համահունչ են Արցախի Հանրապետության հայ բնակչության որոշմանը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ձեռք է բերվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որի կետերից մեկը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին դուրս գալ ԽՍՀՄ-ից հեռացած հանրապետության կազմից։

Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝ ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։

Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ։

Որոշումը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի և Արցախի Ազգային ժողովի, խորհրդարանի որոշումների կայացման միջոցով։

Մենք միտումնավոր չենք նշում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ընդդեմ Արցախի հայերի, Ի․ Ալիևի ցինիկ և բարոյական վարքականոնից հեռու հայատյաց հայտարարությունները։ Մենք չենք խոսում Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման և Հայաստանի դեմ տարածքային պահանջների մշտական սպառնալիքների մասին։

Մենք վճռականորեն մերժում ենք ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։

Հարգելի՛ պարոն դեսպան, խնդրում ենք հայտնել մեր երախտագիտությունը Ձեր կառավարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեություն իրականացելու, բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար․ արցախցիներն արդեն յոթ ամիս ապրում են շրջափակման մեջ։

Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնությանը տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։

«Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում