«Պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել». Թաթուլ Հակոբյան
196
Կիրակի, 04 հունիսի, 2023 թ., 13:30
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ընկերներից մեկը քիչ առաջ ինձ ուղարկեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ստատուսը, որտեղ հարգարժան պատգամավորը ատելության և սուտ խոսքեր է հնչեցրել ՉՈՒԿՉԱ ժողովրդի և իմ հասցեին: Քանի որ ես և պարոն Մանուկյանը ընկերներ չենք (ես և պարոն Մանուկյանը միմյանց ճանաչում ենք մոտ 30 տարի), չէի տեսել այդ ստատուսը: Տարիներ առաջ ես պատգամավոր Մանուկյանին հեռացրել եմ իմ ընկերների ցանկից՝ համարելով, որ նա անպարկեշտ բառապաշար է օգտագործում: Ի դեպ, հենց նրան հեռացրեցի ընկերներիս ցանկից, ընդունեցի նրա կնոջ, մեր գործընկեր՝ Լիլիթ Մանուկյանի ընկերության հայտը: Պարոն Մանուկյանը ստատուսը վերնագրել է՝ ՉՈՒԿՉԱՆ և Թաթուլ Հակոբյանը, ինչը ատելության խոսք է Ռուսաստանում բնակվող այդ ազգային փոքրամասնության հասցեին: Հարգարժան պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել: Ես չեմ կարող մտնել որևէ մեկի ծոցը, հատկապես՝ երբ նրան՝ ՀՀ վարչապետին, անդադար մեղադրում եմ 44-օրյա աղետի մեջ, նրան համարելով թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հենց Փաշինյանն է 44-օրյա աղետի պատասխանատուն: Պարոն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել, որ իր կուսակցությունն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս 2018 թվականին, բայց իմ կրթությունը, դաստիարակությունը և լրագրողի հանգամանքը թույլ չի տալիս գրել, թե ով և քանի անգամ է եղել տարբեր ուժերի ծոցում վերջին 130 տարիներին, քանի որ ունեմ բավարար գիտելիքներ ու ինստիտուցիոնալ հիշողություն: Հարգարժան պատգամավորը կորցնելով ամոթի տարրական զգացումը գրել է, որ Երկիր Մեդիայում ես ֆիլմ եմ նկարել և այդ ֆիլմի համար գումար եմ ստացել, իսկ Երկիր Մեդիան՝ ոչ մի կոպեկ: Ուրեմն, 2000-ական թթ Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը հատկացրել է 2.000 դոլար բյուջե, որպեսզի ես որպես լրագրող ֆիլմ նկարեմ, ինչը արել եմ և այդ ֆիլմը՝ ՄՌԱՎԻՑ՝ ԱՐԱՔՍ, Երկիր Մեդիան ցուցադրել է բազմաթիվ անգամ: Այդ 2000 դոլար ընդհանու գումարը բաշխվել է 3 մարդու միջև՝ 1. լրագրող Թաթուլ Հակոբյան - ֆիլմի հեղինակ, սցենարի հեղինակ, 2. Ջիվան Ավետիսյան, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ - ֆիլմի ռեժիսոր- ՎՃԱՐՎԵԼ Է 3. Հրաչյա Հարությունյան (գուցե այստեղ հիշողություն դավաճանի օպերատորի ճիշտ անունը հիշելու, բայց ոնց որ Հրաչն էր) - Ֆիլմի օպերատոր, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ- վճարվել է: Մոտ մեկ շաբաթ ես, Ջիվանը և Հրաչը շրջել ենք Մռավից Արաքս և ֆիլմ նկարել ընդամենը 2000 դոլարով: Այո, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ մոնտաժի համար փող չի վերցրել, բայց հեռուստաընկերության 2 աշխատակիցներ՝ Ջիվանը և Հրաչը իրենց բաժինն են ստացել այդ 2.000 դոլարից: Հիմա արխիվս Երևանում է և հավանաբար թղթերիս մեջ պահած կլինեմ, թե ինչքան են վճարվել Ջիվանը և Հրաչը, որոնք շատ լավ գործ արեցին, ինչի համար իրոք շնորհակալ եմ: Սա է իրականությունը և ցավալիորեն, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սուտ է տարածում: Այդ ֆիլմը ՁՐԻԱԲԱՐ տրամադրվել է ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ին և դա եղել իմ և ԱՐՑԱԽ ֆոնդի պայմանավորվածությունը: Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորը՝ մեր երկրի համար այս մղձավանջային օրերին զբաղվում է լրագրողի հասցեին ստեր տարածելու և ՉՈՒԿՉԱ ժողովրդի նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ»: