Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«1218 թ-ի գարուն. սովորենք անցյալից». Մհեր Հակոբյան

214
Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 03:12
«1218 թ-ի գարուն. սովորենք անցյալից». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1218 թ-ի գարուն: Սովորենք անցյալից - կարդալ մինչև վերջ կամ ԳՈՆԵ… ՎԵՐՋԸ:
1218 թ-ի գարնանը Իկոնիայի սուլթանության սուլթան Քեյ-Կավուսը (1211-1219), դաշնակցելով Խաչակրաց V արշավանքը (1217-1221) սկսած խաչակիրների հետ, սպառնալից կերպով կախվել էր Հյուսիսային Ասորիքի կենտրոն Հալեպի վրա, որն այդ ժամանակ պատկանում էր արժանահիշատակ Սալահ-էդ-Դինի (1174-1193) եղբորը՝ Էյուբյանների սուլթանության սուլթան ալ-Ադիլին (1200-1218): Վերջինս իր քաղաքական իշխանության կենտրոն ուներ ամենից առաջ Եգիպտոսը և Կահիրեն ու այստեղ էր գտնվող նաև նրա հետնորդը՝ ավագ որդի ալ-Քամիլը: Սուլթանության կարևորագույն մասն էր կազմում, սակայն, նաև Ասորիքը, որտեղ տիրություն էին անում ալ-Ադիլի երրորդ որդի ալ-Աշրաֆը, ինչպես նաև Սալահ-էդ-Դինի հենց նոր մահացած որդի, Հալեպի էմիր ազ-Զահիրի երեքամյա որդի ալ-Ազիզը՝ ալ-Ադիլի եղբոր թոռը և ալ-Աշրաֆի հորեղբոր թոռը:
Պետք է ասել, որ դեռևս ազ-Զահիրն էր ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՆԵՂԱՑԱԾ հորեղբորից ու հորեղբոր տղաներից, որ սրանք Սալահ-էդ-Դինի իրենց գծին դուրս են մղել սուլթանության կառավարումից, իսկ նրա մահից հետո էլ Հալեպում գործերին սկսել էր տնօրինություն անել փոքրիկ ալ-Ազիզի աթաբեկ Շիհաբ-էդ-Դին Տուղրիլը, ընդ որում ազդեցիկ էին նաև երեխա էմիրի մոր դիրքերը, որն, ի դեպ, ալ-Ադիլի աղջիկն և ալ-Աշրաֆի քույրն էր: Փառատենչ Շիհաբ-էդ-Դին Տուղրիլը Հալեպում սեփական իշխանությունը հաստատելու ուղղությամբ հեռահար ծրագրեր ուներ և այս հողի վրա նա ամենից առաջ հաջողությամբ խաղարկում էր ալ-Ազիզի մոր իշխանատենչությունն ու կանացի զգացմունքները: Արդյունքում, 1218 թ-ի գարնանը Հալեպում որոշակիորեն ձգտում էին ընդգծել սեփական ինքնավարությունը սկզբում գոնե Էյուբյանների սուլթանական համակարգում, իսկ հետո էլ՝ ինչպես ստացվի:
Որպես հետևանք, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ալ-Ադիլը, որն այդ պահին արդեն իսկ ծանր հիվանդ էր և, բացի այդ, ՄԻՆՉԵՎ ԿՈԿՈՐԴԸ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ ուղիղ Կահիրեի վրա եկող խաչակիրներին հետ մղելու հոգսերով, վտանգվում էր կորցնել Հալեպը ոչ միայն իր տոհմի ներսում, այլև՝ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ: Իրոք, նույնիսկ մի կողմ էլ թողած ալ-Ազիզի փոխարեն կառավարող Շիհաբ-էդ-Դին Տուղրիլի նենգ դրդումները, քաղաքի համար ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԷՐ ԱՌԱՋԱՑՐԵԼ նաև, ինչպես արդեն ասվեց, հյուսիսից առաջացող ռազմատենչ սուլթան Քեյ-Կավուսը, որը Էյուբյանների հետ իր հին հաշիվներն ուներ:
Այս պայմաններում Էյուբյաններից ոմանք սկսեցին տատանվել: Իրոք, մի կողմից հալեպցիք կասկածով էին նայում մյուս Էյուբյաններին և մինչ այդ մի քիչ էլ նույնիսկ վիրավորել էին նրանց, երբ կարծես լավ առիթ կար ԴԱՍ ՏԱԼՈՒ ըմբոստ քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ քաղաքի ժողովուրդը Հալեպի պաշտպանության համար այնպիսի մի փոքրիկ գումար էր առաջարկում, որ ալ-Աշրաֆի լավագույն ռազմիկներին դա ուղղակի ծաղր էր թվում: Արդյունքում, սակայն, երբ ի վերջո իրական վտանգի տակ հայտնվեց Հյուսիսային Ասորիքում Էյուբյանների սուլթանության գերիշխանությունն ի դեմս Հալեպի, ալ-Աշրաֆը քրոջ առաջին իսկ խնդրանքով քաղաք տեղափոխեց իր երկաթյա բռունցքը և ի տես բոլորին վճռականորեն հայտարարեց. «Այս ամենը իմ հայր սուլթանի սեփականությունն է և, եթե դուք ՄԵԿ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ԲՐԴԻ ՄԻ ԾՎԵ՞Ն ԷԼ ՏԱՔ, այս սեփականությունն, այսպես թե այնպես, կպաշտպանվի»: Որպես հետևանք, 1218 թ-ի արդեն օգոստոսի կեսի Մեմբիջի ոչ միանշանակ ընթացք ունեցած ծանր ճակատամարտում ալ-Աշրաֆն ու Էյուբյանները այնուհանդերձ հետ շպրտեցին Քեյ-Կավուսին և Հալեպն ու Հյուսիսային Ասորիքը իրենց տոհմի ձեռքում պահեցին ևս 4 տասնամյակ:
ԱՌԱԿՍ ԻՆՉ ԿՑՈՒՑԱՆԵ – եթե ինչ որ մեկը արցախահայությունից ինչ որ իրական կամ հորինված պատճառով նեղացած է, եթե ինչ որ մեկը կարծում է, թե Արցախը միայն արցախահայության խնդիրն է, ապա թող հիշի իմ կողմից ՇԱՏ ՀԱՐԳՎԱԾ այդ քրդին՝ ալ-Աշրաֆին, ու նրա պետականակենտրոն վարքագիծը, քանզի.
Արցախը հայ ժողովրդի սեփականությունն է և, եթե արցախահայությունը ՄԵԿ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ԲՐԴԻ ՄԻ ԾՎԵ՞Ն ԷԼ ՏԱ, հայ ժողովրդի այս սեփականությունն, այսպես թե այնպես, պետք է պաշտպանվի, ընդ որում Արցախը հայ ժողովուրդը պետք է պաշտպանի նաև նույնիսկ այն պարագայում, եթե տեղացի և ոչ մի արցախահայ, կարևոր չէ, թե ինչ պատճառով, այդ պահին Արցախում չլինի»: